Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդմոն Մարուքյանին. պահանջում է ներողություն խնդրել

Հասարակություն

11.07.2026 | 13:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից։

Մասնավորապես, Մարուքյանի դեմ հայցի հիմք է հանդիսացել նրա ֆեյսբուքյան էջում տեղադրված 02:43 տևողությամբ տեսանյութը, որը վերնագրված է «Նվիրվում է ընտրակեղծարար Նիկոլին և Վահագին»։ Տեսանյութում ԼՀԿ ղեկավարը ներկայացրել է մի քանի ընտրատեղամասի արդյունքներ, որտեղ իր ուժը ձայներ է ստացել, սակայն ԿԸՀ կայքում մուտքագրվել է 0 ձայն։ Factor TV-ն ներկայացնում է տեսանյութի մի հատվածի սղագրությունը՝ առանց խմբագրման։

«Ի՞նչ է արել Նիկոլը։ ԿԸՀ կայքում մուտքագրել է 0 ձայն։ Ինչո՞ւ եմ ասում Նիկոլը, որովհետև համակարգը իշխանությանն է պատկանում։ Հիմա հարց՝ ինչո՞ւ է Նիկոլը սենց կեղծել մեր տվյալները։ Ես հո չեմ պնդում, որ մենք անցողիկ ուժ ենք, անցել ենք, բայց ինքը կեղծել է… Փաստ՝ այս 0 ձայն մուտքագրելը քրեորեն հետապնդելի արարք է, արձանագրություն է կեղծվել։ Արձանագրություն է կեղծվել։ Ով կդատվի, ով ինչ կլինի՝ այն չի, բան չի։ Հարցը հետևյալն է՝ մեզ շատ-շատ ավելի մարդ է ձայն տվել, քան այն, ինչ որ մեր անվան դիմաց գրված է։ Հիմա սրանք բացահայտվում են, այդ թվերը կարող է ավելանան, կարող է չավելանան, էականը այն է, որ այս համակարգը դարձել է նաև ընտրակեղծարար»։

Քանի որ «Datalex» դատական-տեղեկատվական համակարգում ներկայացված հայցադիմումը կիսատ է տեղադրված, չի երևում՝ տեսանյութում հնչեցված որ արտահայտությունների համար է Փաշինյանը պահանջում ներողություն խնդրել, պարզ չէ նաև՝ վարչապետը փոխհատուցման պահանջի ներկայացրե՞լ է, թե ոչ։

Գործը դատարան է ուղարկվել հուլիսի 9-ին և մակագրվել Քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանին։

Ռոզա Վարդանյան

Leave a comment