Եվրահանձնաժողով. Հայաստանով անցնող երթուղին 25%-ով կարճ կլինի ԲԹԿ-ից

Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է «Միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի առաջխաղացում» ուսումնասիրությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է որպես կարեւոր դերակատար Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ տրանսպորտային եւ առեւտրային երթուղիների վերականգնման գործում։
Փաստաթղթում ներկայացված են ներդրումային կարիքները տրանսպորտային, էներգետիկ եւ թվային ենթակառուցվածքներում, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես հիմնական տրանզիտային երկիր Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքում (TCTC), որը կապում է Եվրոպան, Հարավային Կովկասը, Թուրքիան եւ Կենտրոնական Ասիան։
«Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցը (TEN-T) 2018 թվականին ընդլայնվել է դեպի Արեւելյան գործընկերության երկրներ, ներառյալ՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը։ Ներկայիս TEN-T ցանցը Հարավային Կովկասում արտացոլում է տարածաշրջանի այն ժամանակվա գերիշխող քաղաքական համատեքստը՝ առանց Հայաստան-Ադրբեջան կապակցվածության։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցությունների առաջխաղացման հետ միասին հնարավորություններ են բացվում Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան կապող տրանսպորտային կապերի վերականգնման համար, որոնք կարող են դիտարկվել TEN-T ցանցին ապագայում ավելացնելու համար։
Սյունիքով անցնող երթուղին, որը դիրքավորվում է որպես այլընտրանք TCTC-ի վրացական հատվածին, կարող է զգալիորեն բարելավել տարածաշրջանային կապակցվածությունը։ Այդ կապերի վերականգնումը կամրապնդի տնտեսական համագործակցությունը, կխթանի սահմանամերձ առեւտուրը եւ կբարձրացնի միջանցքի կայունությունն ու բազմազանությունը՝ ավելացնելով երթուղիների նոր տարբերակներ։ Թեեւ տնտեսական ազդեցության ավելի մանրամասն ուսումնասիրություններն ընթացքի մեջ են, փորձագետները նշում են, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ երկաթուղային կապը Հայաստանի Սյունիք տարածաշրջանով կարող է բեռնափոխադրման ժամանակը կրճատել մինչեւ 25%-ով՝ համեմատած ավանդական Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղու հետ»,- ասված է ուսումնասիրությունում։
«Հայաստանի ներուժի իրացումը որպես Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի անբաժանելի մաս կպահանջի ոչ միայն ենթակառուցվածքային ներդրումներ, այլեւ համակարգված քաղաքական գործողություններ՝ արդյունավետ եւ մրցունակ երկաթուղային եւ սահմանամերձ լոգիստիկ ծառայություններ ապահովելու համար։ ԵՄ-ն հնարավորություն ունի ձեւավորել ինքնիշխանությունը հարգող, կանոնների վրա հիմնված մոդել, որը համապատասխանում է կապակցվածության իր սկզբունքներին եւ ապահովում է արդյունավետ, փոխշահավետ կապ բոլոր տարածաշրջանային գործընկերների համար, ներառյալ Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան»,- նշված է ուսումնասիրությունում։ 

Leave a comment