Ով ում հետ է մրցում․ ՔՊ-ում պայքար է ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ԱԺ նախագահի ու փոխնախագահների թեկնածուներին հաստատելուց հետո թեժ մրցապայքար է սկսվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահի թեկնածու դառնալու համար։

Factor.am-ին հայտնի դարձավ, որ յուրաքանչյուր ՔՊ-ական պատգամավոր կարող է առաջադրվել երկու հանձնաժողովի նախագահի թեկնածության համար, սակայն ընտրվել կարող է մեկ հանձնաժողովում։

ԱԺ-ի ամենակարևոր հանձնաժողովներից մեկի՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ դառնալու ցանկություն ունի Արուսյակ Ջուլհակյանը։ Նա այս տեղեկությունը հաստատել է Factor TV-ի հետ զրույցում դեռ հուլիսի 3-ին։ Ջուլհակյանը 8-րդ գումարման ԱԺ-ում զբաղեցնում է այդ պաշտոնը Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո։ Ի դեպ, նա առաջադրվել էր նաև ԱԺ փոխնախագահի թեկնածության համար, սակայն, թիմը չընտրեց։  

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են գործող նախագահ Սարգիս Խանդանյանն ու Տաթևիկ Գասպարյանը։ Սարգիս Խանդանյանը հաստատեց այս տեղեկությունը։ Տաթևիկ Գասպարյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, նա զանգերն անպատասխան թողեց։

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության համար, մեր տեղեկություններով, առաջադրվել է երեք թեկնածու։ Գործող նախագահ Սիսակ Գաբրիելյանը, նույն հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանը և Ռուզաննա Երեմյանը։ Վերջինը Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրենն է, ՔՊ-ի նախընտրական ցուցակում զբաղեցնում էր 72-րդ համարը։ Երեք թեկնածուներն էլ Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին իրենց առաջադրման մասին տեղեկությունը։

Միանգամից երկու հանձնաժողովի նախագահի թեկնածության համար է առաջադրվել պատգամավոր Տրդատ Սարգսյանը։ Նա իր ուժերը փորձում է և՛ Առողջապահության հանձնաժողովի, և՛ Տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու դառնալու համար։ Գործող խորհրդարանում Պետաիրավական հարցերի հանձնաժողովի կազմում ներառված Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ սկզբունքով է առաջադրվել միմյանցից խիստ տարբեր ոլորտների հանձնաժողովների ղեկավարման համար։

«Տարբեր ոլորտներ են, մտածում եմ, որ կարող եմ համակարգել հանձնաժողովների աշխատանքները։ Նախագահի գործը համակարգելն է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց նա։

Առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է նաև Ալխաս Ղազարյանը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի համար առաջադրվել է գործող նախագահ Բաբկեն Թունյանը։ Նա ցանկություն է հայտնել նախագահել Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը։ Ի տարբերություն տնտեսական հանձնաժողովի՝ այստեղ նա մրցակից ունի, գործող նախագահ Ծովինար Վարդանյանն է։ Նա Factor.am-ին հաստատեց այս տեղեկությունը, իսկ Բաբկեն Թունյանը զանգերին չպատասխանեց։

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար պայքարում են Արման Եղոյանը, որն այժմ էլ ղեկավարում է այդ հանձնաժողովը, և նույն հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանը։ Արման Եղոյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը, իսկ Սոնա Ղազարյանը զանգերի չպատասխանեց։

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածության համար առաջադրվել են Վիլեն Գաբրիելյանը և Արմեն Խաչատրյանը։ Նրանցից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Մամուլում տեղեկություն կա, որ այժմ հանձնաժողովը նախագահող Անդրանիկ Քոչարյանը չի առաջադրվելու, քանի որ, ըստ հրապարակումների՝ վստահ է, որ չի ընտրվելու և չի ցանկանում անհարմար իրավիճակում հայտնվել։ Factor.am-ն այսօր փորձեց նրա առաջադրվել-չառաջադրվելու վերաբերյալ մեկնաբանություն ստանալ, սակայն, Քոչարյանը լսեց հարցը և հրաժարվեց մեկնաբանել։

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի երեք հավակնորդ կա՝ Հասմիկ Հակոբյանը, Զառա Բաթոյանը և Ռուստամ Բաքոյանը։ Հասմիկ Հակոբյանը նաև Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրվելու համար է առաջադրվել։ Հասմիկ Հակոբյանը հաստատեց տեղեկությունները, իսկ Բաթոյանի և Բաքոյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Նշենք, որ թեկնածությունների առաջադրումը պետք է հաստատի ՔՊ վարչությունը, որից հետո 9-րդ գումարման խորհրդարանում տեղի են ունենալու ընտրություններ։

Factor.am-ը տեղեկացավ, որ ՔՊ-ում որոշում կա՝ եթե հանձնաժողովի նախագահությունը անցնելու է ընդդիմությանը, ապա նախագահի համար ընտրված անձինք զբաղեցնելու են փոխնախագահի պաշտոնը։ Եթե փոխնախագահի պաշտոնը ևս ընդդիմադիրներինն է լինելու, ապա այդ ՔՊ-ականները իրենց ոլորտային հանձնաժողովում լինելու են իշխանության քաղաքական դիրքորոշում հայտնողները։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment