Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել Հայկական ատոմային էլեկտրակայանին (ՀԱԷԿ) 20,1 միլիարդ դրամի բյուջետային վարկի տրամադրման ոորշմանը
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել Հայկական ատոմային էլեկտրակայանին (ՀԱԷԿ) 20,1 միլիարդ դրամի բյուջետային վարկի տրամադրման ոորշմանը։ Որոշման հիմնավորման համաձայն՝ միջոցները նախատեսված են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման և արդիականացման աշխատանքների ֆինանսավորման համար։
Ավելի վաղ՝ 2020–2025 թվականներին, Հայկական ԱԷԿ-ին տրամադրվել էր 63,2 միլիարդ դրամի բյուջետային վարկ՝ երկրորդ էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման առաջին ծրագրի շրջանակում՝ մինչև 2026 թվականը։
Հետագայում՝ 2023 թվականի սեպտեմբերին, կառավարությունը հաստատեց ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի նախագծային շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման և արդիականացման ծրագիրը մինչև 2036 թվականը։ Ծրագրի իրականացման համար նախատեսված է 160 միլիոն դոլար։
Հայկական ԱԷԿ-ի մասին
Հայկական ԱԷԿ-ը միակ ատոմային էլեկտրակայանն է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այն գտնվում է Մեծամոր քաղաքի մոտակայքում՝ Երևանից դեպի արևմուտք՝ մոտ 30 կմ հեռավորության վրա։ Կայանը երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկն է՝ ապահովելով ընդհանուր արտադրանքի մինչև 40%-ը։
Հայաստանի իշխանությունները նախատեսում են 8–10 տարվա ընթացքում կառուցել նոր ԱԷԿ։ Ներկայումս ուսումնասիրվում են տարբեր տարբերակներ և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի ու Հարավային Կորեայի գործընկերների փորձը։
Հայկական կողմի քննարկմանն արդեն իսկ ներկայացված է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից մշակված՝ 1200 ՄՎտ հզորությամբ նոր բլոկի կառուցման նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ)։
Ավելի վաղ «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, հայտարարել էր, որ կորպորացիան կարող է Հայաստանին առաջարկել 50-ից մինչև 1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ։ Նրա խոսքով՝ մասնավորապես հնարավորություն կա 50 ՄՎտ-անոց բլոկներից «հավաքել» ցանկացած հզորության ռեակտոր։