Տավրոս Սափեյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Քաղաքականություն

09.07.2026 | 23:46

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հրաժարվել է պատգամավորական մանդատից և շարունակելու է պաշտոնավարել որպես Թալին համայնքի ղեկավար։ Նրա խոսքով՝ որոշումը պայմանավորված է համայնքի բնակիչների վստահությամբ և այն համոզմամբ, որ ներկայում առավել արդյունավետ կարող է ծառայել հենց համայնքի զարգացմանը։

«Այս որոշումը կայացրել եմ՝ առաջնորդվելով իմ համաքաղաքացիների վստահությամբ, արտահայտած կամքով և այն համոզմամբ, որ այսօր առավել օգտակար կարող եմ լինել հենց այստեղ՝ ձեզ հետ, ձեր կողքին, մեր համայնքի զարգացման ամենօրյա աշխատանքում։ Ինձ համար ժողովրդի վստահությունն ու կարծիքը եղել և մնում են ամենաբարձր պատասխանատվությունը։ Այս որոշումը երկար մտածված է և հիմնված է մեկ պարզ համոզմունքի վրա․ այսօր իմ ամենամեծ առաքելությունը և անելիքը հենց այստեղ է՝ Թալինում։

Սրտանց շնորհակալություն եմ հայտնում Թալին համայնքի յուրաքանչյուր բնակչի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում մեր քաղաքական թիմին, ՀՀ վարչապետին և անձամբ ինձ վստահված յուրաքանչյուր քվեի համար։ Այդ վստահությունն ինձ համար պաշտոնից վեր արժեք է, և այն շարունակելու եմ արդարացնել ոչ թե խոսքերով, այլ գործով։ Համոզված եղեք՝ ձեր տված յուրաքանչյուր ձայն ծառայելու է մեր համայնքի բարօրությանը, ինչպես նաև հայրենիքի հզորացմանը։

Իմ ընտրությունը չի փոխում իմ նպատակը. այն նույնն է՝ ծառայել իմ ժողովրդին, համայնքին և հայրենիքին։ Վստահ եմ, որ ուժեղ համայնքներն են ուժեղ պետության հիմքը։

Իմ գործընկերներին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մաղթում եմ արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ ի շահ մեր ժողովրդի և մեր հայրենիքի»,- գրել է նա։

Ավելի վաղ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ևս հայտարարել էր, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից և գործունեությունը շարունակելու է մասնավոր ոլորտում։

Leave a comment