Դատախազությունը պահանջում է նախկին նախարար Արամ Հարությունյանի տիրապետության տակ գտնվող Դիլիջանի հատուկ պահպանվող տարածքը վերադարձնել պետությանը

Հասարակություն

09.07.2026 | 15:00

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցը, որով պահանջվում է անվավեր ճանաչել Դիլիջանում 0.8 հա հողամասի օտարման աճուրդն ու հետագա առուվաճառքը և այն վերադարձնել համայնքին։ Ըստ դատախազության՝ հողամասը բնության հատուկ պահպանվող տարածքի՝ բնապահպանական անտառի հող է, որը, օրենքի համաձայն, չէր կարող օտարվել ֆիզիկական անձանց։

«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Դիլիջան համայնքի, Արթուր Արշակյանի, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի 29/24 հասցեում գտնվող՝ 0,8 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2012 թվականի հոկտեմբերի 12-ին կազմակերպված աճուրդն անվավեր ճանաչելու, Արթուր Արշակյանի և Արամ Հարությունյանի միջև 2017 թվականի հունիսի 20-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու, այդ թվում՝ Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետությունից Դիլիջան համայնքին 0.8 հա մակերեսով հողատարածքը վերադարձնելու պահանջների մասին:

Միաժամանակ կիրառվել է հայցի ապահովման միջոց և պատասխանող Արամ Հարությունյանին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումում նշված հողամասի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության:

Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել էր, որ 0,8 հա մակերեսով հողատարածքը Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված՝ «բնության հատուկ պահպանվող տարածքների» հողերի «բնապահպանական անտառ» գործառնական նշանակության հող է, որը չէր կարող օտարվել ֆիզիկական անձանց»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։

Leave a comment