ԱՄՆ վարչակազմը սկսել է վերանայել Սիրիայի Արաբական Հանրապետության կարգավիճակը՝ ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկում։ Սպիտակ տան ղեկավարն այդ մասին պաշտոնապես տեղեկացրել է ամերիկացի օրենսդիրներին։
Վաշինգտոնի այս քայլը նպատակ ունի վերացնել գործող մի շարք սահմանափակումներ, ինչը, ըստ ամերիկյան վարչակազմի, կարող է հիմք ստեղծել Սիրիայի ենթակառուցվածքների լայնածավալ վերականգնման և տնտեսական գործընթացների ակտիվացման համար։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ որոշումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Սիրիայի քաղաքացիների համար։
«Այսօր ԱՄՆ նախագահը տեղեկացրել է Կոնգրեսին՝ Սիրիան ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից հանելու մտադրության մասին։
Սա պատմական որոշում է, որը ճանապարհ է բացում վերականգնման և տնտեսական բարգավաճման համար՝ սիրիացի ժողովրդին տալով իրական հնարավորություն ավելի լավ ապագայի համար», – նշել է Ռուբիոն։
ԱՄՆ-ի կողմից Սիրիայի կարգավիճակի փոփոխությունը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ երկրի նկատմամբ կիրառվող միջազգային սահմանափակումների և հետագա տնտեսական հարաբերությունների վրա։