Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է զարգացման ծախսերի տրամաբանությանն անցնելու և արտահանման շուկաների առավելագույն դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին։ Կառավարության նիստում արձանագրվել է, որ հունիսին զբոսաշրջության ոլորտում գրանցվել է պատմական ռեկորդ, իսկ Արարատի մարզում ծիրանի մթերման գինը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել է՝ հասնելով 400-600 դրամի։
Հիմնվելով «իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա՝ վարչապետը շեշտել է, որ անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին ներկայացրել է արտահանման ընդլայնվող աշխարհագրությունը։
«Մենք հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ ենք արտահանել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր և բանջարեղեն՝ 8 երկիր։ Ընդ որում, այդ արտահանումները հնարավորություն են, ուզում եմ սա էլ արձանագրենք, որ մեր տնտեսվարողները պետք է հարմարվողականություն ցուցաբերեն։ Շուկաներից յուրաքանչյուրն ունի իր պահանջները կամ ճաշակների իր բանաձևը, և պետք է մեր արտահանողները հարմարվեն։ Հիմա կարող է մի երկիր կա՝ սպիտակ ծաղիկը ավելի շատ է վաճառվում, քան վարդագույնը, կամ հակառակը։ Այսինքն՝ ջանք պետք է դրվի, որպեսզի ապրանքը համապատասխանի շուկայի ստանդարտներին և պահանջներին, ուսումնասիրությունները արվեն պատշաճ, որպեսզի այդ խնդիրները չառաջանան»,- նշեց նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։