Իրանը կարող է վերանայել իր միջուկային դոկտրինը, եթե Միացյալ Նահանգների կողմից լայնածավալ ռազմական սպառնալիքը շարունակվի։ Այդ մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզային՝ հայտնում է Al-Mayadeen-ը։
Ռեզայի խոսքով՝ Թեհրանը քննարկում է մի շարք հնարավոր պատասխան քայլեր, որոնցից մեկը կարող է լինել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից (ՄԶՉՊ) դուրս գալը։
«Պատասխանի տարբերակներից մեկը կարող է լինել Իրանի դուրս գալը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից», – նշել է նա։
Իր պաշտոնյան հավելել է նաև, որ եթե Իրանը զգա, որ վտանգված է Իսլամական Հանրապետության գոյությունը, կարող է քննարկել իր միջուկային դոկտրինի փոփոխության հնարավորությունը։
Միաժամանակ Ռեզային հայտարարել է, որ տարածաշրջանում վերջերս տեղի ունեցած ռազմական բախումների ընթացքում Իրանը «չի օգտագործել իր ունեցած բազմաթիվ հնարավորությունները»։
Նա նաև զգուշացրել է Պարսից ծոցի այն երկրներին, որոնք աջակցում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խորհուրդ տալով մտահոգվել իրենց նավթագազային հանքավայրերի անվտանգության հարցով։