Սյունիքում գայլի հարձակումից վնասվածքներ ստացած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է (տեսանյութ)
Այսօր Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 անձի վրա, այդ թվում՝ վնասելով երեխայի, հայտնում է «Գորիս» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի և լրատվության մասնագետ Արև Աբելյանը։
Մարմնական տարբեր վնասվածքներով նրանք տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։
«Այս պահին Գորիսի ոստիկանության աշխատակիցների ամբողջ թիմը, ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի ջոկատի տղաները, էկոպարեկները որոնողափրկարարական աշխատանքներ են տանում՝ գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։
Գորիսի ԲԿ-ի ամբողջ թիմը ոչ աշխատանքային ժամին հիվանդանոցում է, բժիշկների կողմից բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվել են»,-նշել է նա։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի Գորիսի համայնքի Քարահունջ գյուղում գայլը հարձակվել է բնակիչների վրա։