Չինական DeepSeek ստարտափը մշակում է արհեստական բանականության համար նախատեսված սեփական չիպեր։ Այս մասին, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հայտնում է Reuters գործակալությունը։
Նախաձեռնությունը կարող է նվազեցնել DeepSeek-ի կախվածությունը Nvidia-ի և Huawei-ի չիպերից, որոնց վրա ընկերությունը մինչ այժմ հիմնվել է իր լայն ճանաչում ստացած AI մոդելների ուսուցման և գործարկման համար։ Աղբյուրների փոխանցմամբ՝ նոր չիպը նախատեսված է ինֆերենսի համար այն փուլում, երբ արդեն ուսուցված արհեստական բանականության մոդելը մշակում և ներկայացնում է պատասխաններ օգտատերերին, ոչ թե նոր մոդելների ուսուցման։
Եթե նախագիծը հաջողությամբ իրականացվի, ապա DeepSeek-ի մուտքը կիսահաղորդիչների մշակման ոլորտ կդառնա ընկերության ռազմավարական զարգացման կարևոր փուլ։ Չինաստանում այն լայնորեն դիտարկվում է որպես երկրի առաջատար AI ընկերություններից մեկը, իսկ սեփական չիպի ստեղծումը կարող է լրացուցիչ մրցակցային ճնշում գործադրել նաև Huawei-ի վրա։
DeepSeek-ը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց ավելի քան մեկ տարի առաջ՝ երկու բարձր արդյունավետությամբ AI մոդելների թողարկումից հետո, որոնք արագորեն տարածվեցին ամբողջ աշխարհում և անակնկալի բերեցին ինչպես Սիլիկոնյան հովտի, այնպես էլ Վաշինգտոնի տեխնոլոգիական շրջանակներին։ Ընկերությունը վաղուց հայտնի է նրանով, որ առաջնահերթություն է տալիս AI մոդելների կատարելագործմանը, ոչ թե դրանց արագ առևտրայնացմանը։
Թեև Huawei-ի լուծումները դեռևս զգալիորեն զիջում են Nvidia-ի ամենաառաջադեմ չիպերին, ԱՄՆ-ի կողմից Չինաստան դրանց արտահանման սահմանափակումները հնարավորություն են տվել Huawei-ին զբաղեցնել մոտ 50 միլիարդ դոլար գնահատվող չինական AI չիպերի շուկայի գրեթե կեսը՝ մատակարարելով արտադրանք DeepSeek-ին և ոլորտի մի շարք այլ խոշոր ընկերությունների։
Սակայն Huawei-ի դիրքերը նույնպես բախվում են նոր մարտահրավերների։ Նրա մրցակիցներ Alibaba-ն և Baidu-ն ակտիվորեն մշակում են սեփական AI չիպերը և աստիճանաբար ընդլայնում իրենց մասնաբաժինը շուկայում։
Աղբյուրների համաձայն՝ DeepSeek-ի նախագիծը դեռևս վաղ փուլում է։ Ընկերությունը բանակցություններ է վարում չիպերի նախագծմամբ զբաղվող ընկերությունների, պայմանագրային կիսահաղորդիչների արտադրողների և հիշողության չիպերի մատակարարների հետ։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ այս աշխատանքները մեկնարկել են մոտ մեկ տարի առաջ։
Չնայած DeepSeek-ը դարձել է Չինաստանի AI ոլորտի հավակնությունների խորհրդանիշներից մեկը, ընկերությունը շարունակում է խուսափել հանրային ուշադրությունից և չի պատասխանել Reuters-ի մեկնաբանության հարցմանը։
Սեփական չիպի մշակմամբ DeepSeek-ը կմիանա այն համաշխարհային AI ընկերություններին, որոնք ձգտում են ավելի մեծ վերահսկողություն ունենալ այն սարքավորումների նկատմամբ, որոնց վրա աշխատում են իրենց մոդելները, ինչպես նաև նվազեցնել կախվածությունը Nvidia-ի տեխնոլոգիաներից։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։