«Գրենլանդիան չի վաճառվում»․ Դանիայի վարչապետը խոստացել է պաշտպանել կղզին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու՝ Վաշինգտոնի ցանկության հայտարարության հաջորդ օրը Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը խոստացել է «պաշտպանել մեր տարածքի յուրաքանչյուր թիզը»։

«Գրենլանդիան, իհարկե, չի վաճառվում։ Մենք հույս ունենք, որ բոլորը, այդ թվում՝ մեր դաշնակիցները, կհարգեն Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Մենք ինքնիշխան պետություններ ենք, և մեզ անհրաժեշտ է, որ բոլորը հարգեն մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հայտարարել է նա Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ֆրեդերիկսենը հավելել է, որ Կոպենհագենի դիրքորոշումն այս հարցում միանշանակ է, ինչպես նաև, «ցավոք», ԱՄՆ-ի դիրքորոշումը։

Իսլանդիայի վարչապետ Քրիստրուն Ֆրոստադոտտիրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հանդես է եկել Դանիայի աջակցությամբ՝ նշելով, որ Գրենլանդիայի ժողովուրդը «չի ցանկանում դառնալ Միացյալ Նահանգների մաս», և որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է կենտրոնանան Ռուսաստանի կողմից սպառնալիքի վրա։

Նախօրեին ելույթ ունենալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Թրամփը հայտարարել էր, որ Գրենլանդիան պետք է վերահսկվի Միացյալ Նահանգների, այլ ոչ թե Դանիայի կողմից։

Մայիսին Գրենլանդիայի հարցով Թրամփի ներկայացուցիչ Ջեֆ Լենդրին հայտարաել էր, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ կղզին դառնա անկախ երկիր։ Վաշինգտոնը, ի թիվս այլ բաների, փորձում է փոփոխել Գրենլանդիայի հետ կնքված ռազմական համաձայնագիրը և ապահովել ամերիկյան զորքերի անորոշ ներկայությունն Արկտիկական կղզում, նույնիսկ եթե այն անկախություն ստանա, այդ ժամանակ գրել էր The New York Times-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment