«Գազպրոմ»-ը հայտնել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Թուրքիային գազ մատակարարող օբյեկտի վրա հարձակման մասին

Քաղաքականություն

08.07.2026 | 15:37

Ռուսական «Գազպրոմ»-ը հայտնել է, որ հուլիսի 7-ի երեկոյան անօդաչու թռչող սարքերի կողմից հարձակման է ենթարկվել Կրասնոդարի կոմպրեսորային կայանը, որը «Կապույտ հոսք» խողովակաշարով ռուսական գազի մատակարարման շղթայի մաս է կազմում, գրում է The Insider-ը:

Ընկերության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել երեկ երեկոյան 19:51-ին և նպատակ ուներ խափանել ռուսական գազի մատակարարումը Թուրքիա: Կայանում գրանցվել են վնասներ, ներկայում վերականգնողական աշխատանքներ են ընթանում։

«Գազպրոմ»-ը պնդում է, թե արագ ձեռնարկված միջոցները կանխել են գազի մատակարարման խափանումները։

«Կրասնոդարսկայա» կայանը «Գազպրոմ»-ի գազատրանսպորտային  ենթակառուցվածքային հիմնական օբյեկտներից է Ռուսաստանի հարավում: «Կապույտ հոսք» գազատարը, որն անցնում է Սև ծովի հատակով, ռուսական գազն ուղղակիորեն մատակարարում է Թուրքիա՝ առանց տարանցիկ երկրների անհրաժեշտության: Այն շահագործման է հանձնվել 2003 թվականին, թողունակությունը տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր է։

Բացի այդ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բազմիցս Թուրքիայի ուշադրությունն է հրավիրել «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» խողովակաշարերի ենթակառուցվածքների վրա հարձակման շարունակական փորձերի ուղղությամբ։

«Մենք բազմիցս մեր թուրք գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք Կիևի ռեժիմի խիստ վտանգավոր գործունեության և «Կապույտ հոսքով» և «Թուրքական հոսքով» գազի փոխադրման հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա հարձակման շարունակական փորձերի ուղղությամբ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment