Ո՞ր փուլում է Հայաստան–Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը. դեսպանի պատասխանը

Բաժանորդագրվել

Փաստաթղթի ստորագրումը թույլ կտա երկու երկրների համագործակցությունը նոր մակարդակի հասցնել և լրացուցիչ հնարավորություններ կստեղծի։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik․ Հայաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի տեքստը նախապատրաստման և համաձայնեցման փուլում է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։

Դեսպանն ընդգծեց, որ փաստաթղթի ստորագրումը թույլ կտա երկու երկրների համագործակցությունը նոր մակարդակի հասցնել և լրացուցիչ հնարավորություններ կստեղծի։

«Ռազմավարական գործընկերության համաձայնագրի շրջանակում հայ-իրանական գործընկերությունը ինստիտուցիոնալացնելու մեր ցանկությունն ու կամքը շատ լուրջ են և վճռական: Անցյալ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նույնպես նշել էր այս հարցի կարևորությունն ու շուտափույթ արդյունքի հասնելու անհրաժեշտությունը»,- նշեց դեսպանը։

Շիրղոլամին ասաց, որ Իրանն իր կողմից վճռական քայլեր է ձեռնարկում փաստաթղթի ստորագրման համար։ Նա հույս հայտնեց, որ սեղմ ժամկետում համաձայնագրի տեքստը վերջնական տեսքի կբերվի, կհամաձայնեցվի, որից հետո Իրանը սիրով հյուրընկալի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ փաստաթղթի ստորագրման համար։

Leave a comment