Ռուսաստան կատարած այցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին արտասահմանյան այցն էր հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Եկատերինբուրգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Միխայիլ Միշուստինը նշեց, որ Մոսկվան ակնկալում է, որ ընտրությունների արդյունքներով ձևավորված նոր կառավարությունը կշարունակի զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ բարեկամության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքներով։
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության խորացմամբ և ցանկանում է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյանի գնահատմամբ՝ հանդիպման ընթացքում ռուսական կողմի արձագանքներից կարելի էր ենթադրել, որ Մոսկվան որոշակիորեն անակնկալի էր եկել հայկական կողմից հնչեցրած շեշտադրումերից։
«Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ ռուսական կողմը առանձնապես չէր սպասում հայկական կողմից նման շեշտադրումերի։ Հայաստանը լուրջ ակնկալիքներ ունի Եվրասիական տնտեսական միությունից, հատկապես վերջին շրջանում՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան այցից հետո։ Միաժամանակ Միշուստինի խոսքից զգացվում էր, որ Ռուսաստանը նաև որոշակի ակնկալիքներ և պահանջներ ունի Հայաստանից»,– ասաց վերլուծաբանը MediaHub-ի հետ զրույցում։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների հնարավոր բարելավմանը՝ Վանեսքեհյանը նշեց, որ միայն նման հայտարարությունները բավարար չեն հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։
«Չեմ կարող միանշանակ ասել, որ հարաբերությունները կկարգավորվեն։ Արևմտյան գործընկերները, մասնավորապես եվրոպացիները, որոշակի պայմաններ են պարտադրում Հայաստանին և փորձում ազդել արտաքին քաղաքականության վրա։ Այդ ազդեցությունից հրաժարվելը հեշտ չի լինելու, իսկ այդ պահանջների մի մասը, ակնհայտորեն, հակառուսական բնույթ են կրում»,– նշեց վերլուծաբանը։
Նախընտրական շրջանում Փաշինյանը նաև մի քանի անգամ ասել էր, որ ընտրություններից հետո նախատեսում է այցելել Ռուսաստան և հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Առայժմ նման հանդիպման մասին պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ այն կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Խոսելով Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման մասին՝ վերլուծաբանը նշեց, որ դա կարող է ազդել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա։
«Այն ամենն ինչ այսօր տեղի է ունենում Երևանում, և հաշվի առնելով, որ շարունակվում են Գագիկ Ծառուկյանի հետ կապված դատական գործընթացները, կարծում եմ՝ այդ հանգամանքները ևս կարող են ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Հայտնի է, որ Ծառուկյանը Ռուսաստանի հետ բավականին լուրջ և սերտ կապեր ունի։ Այդ պատճառով պետք է սպասել առաջիկա զարգացումներին»,– եզրափակեց Արման Վանեսքեհյանը։
Ալիտա Եղիազարյան