Դամասկոսում պայթյունների հետևանքով առնվազն 18 մարդ է վիրավորվել

Դամասկոսում պայթյունների հետևանքով, որոնք որոտացել են  Ֆրանսիայի նախագահի և նրա սիրիացի գործընկերոջ հանդիպման ժամանակ, վիրավորվել է առնվազն 18 մարդ, հայտնել է Սիրիայի ներքին գործերի նախարարությունը, գրում է The Hill-ը։

Էմանուել Մակրոնը նախագահական պալատ էր ժամանել՝ հանդիպելու Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաայի հետ, երբ պայթյուններ են որոտացել Four Seasons հյուրանոցի մոտ, որտեղ, սիրիական լրատվամիջոցների հաղորդմամբ, իջևանել է Ֆրանսիայի նախագահը։

Ելիսեյան պալատի պաշտոնյան ասել է, որ Մակրոնն անվտանգ է, և որ նրա հանդիպումն ալ-Շարաայի հետ շարունակվում է։ Մակրոնն առաջին խոշոր արևմտյան առաջնորդն է, որն այցելում է Սիրիա ալ-Շարաայի իշխանության գալուց ի վեր։ Նա Դամասկոս է մեկնել Անկարայում  կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ժամանելուց առաջ։

Նշվում է, որ այս պայթյունները հարված են ալ-Շարաայի համար, որն իշխանության է եկել 2024 թվականին Բաշար Ասադին տապալած ապստամբությունը գլխավորելուց հետո։

Սիրիայի պետական ​​լրատվամիջոցների կողմից տարածված հայտարարության մեջ Ներքին գործերի նախարարությունը նշել է, որ մայրաքաղաքի սրտում պայթուցիկ սարքեր են գործի դրվել, որոնցից մեկը տեղադրված է եղել աղբամանում, իսկ մյուսը՝ կայանված մեքենայում։ Տեղեկատվության համաձայն՝ վիրավորներից չորսը ոստիկաններ են, մահվան դեպքերի մասին տեղեկություններ չեն ստացվել։ Հարձակման վայրում այժմ հետաքննություն է ընթանում։

Հարձակման վայրից ծխի մեծ ամպ է երևացել։ Տարածքը գտնվում է Դամասկոսի մարդաշատ փողոցում և մոտ է Զբոսաշրջության նախարարության գլխավոր գրասենյակին ու Դամասկոսի ազգային թանգարանին։

Սոցիալական ցանցերում լայնորեն տարածված կադրերում երևում է, թե ինչպես են այրվում միկրոավտոբուս և մոտոցիկլետ, իսկ փողոցում արյան հետքեր կան։ Ոչ մի խումբ անմիջապես պատասխանատվություն չի ստանձնել միջադեպի համար։

Նախագահական պալատ ժամանելուց առաջ Մակրոնը հանդիպել է Սիրիայի քաղաքացիական հասարակության անդամների հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment