Իշխան Սաղաթելյանը նշում է, որ ՀՀ իշխանությունը փորձում է ճանապարհ հարթել դիմադրության օջախները ոչնչացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ իշխանությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդման միջոցով փորձում են սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը։ Այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։
«Քաղաքական վրեժխնդրություն է։ ՀՀ իշխանությունները գողացան մարդկանց մանդատները` 60 000 ձայն։ Այս ճանապարհով էլ ուզում են սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը։ Նիկոլ Փաշինյանն այսկերպ ձգտում է երկրում մեկ անձի դիկտատուրա սահմանել։ Լավ է գիտակցում, որ ինքը զուրկ է լեգիտիմությունից։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի և գործիչների հետապնդումով փորձում է ճանապարհ հարթել դիմադրության օջախները ոչնչացնելու և դրսի գործընկերներին տված խոստումներն իրականացնելու համար»,– նշեց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց` ՀՀ ղեկավարությունը չունի սրբություն, չունի կարմիր գիծ և իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի։