Այսօր ես ոտք դրեցի իմ երկրի սուրբ հողին ու այս օրը իմ համար անգին է․ Ես վստահ սլանալու եմ առաջ․ Գևորգ Սուջյան

Բաքվի բանտից ՀՀ վերադարձած Գևորգ Սուջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր ես ոտք դրեցի իմ երկրի սուրբ հողին ու այս օրը իմ համար անգին է։ Ու ես վայելում եմ այս օրը, փայփայելու ու մեծարելու եմ այս օրվա ամեն ակնթարթը։ Այսօր միտքս լցնելու եմ անծայրածիր երազանքներով, որպեսզի էլ տեղ չմնա վախին, կասկածին։

«Չեմ կարող» այլևս չի լինելու, միշտ ձգտելու եմ ավելիին, քանզի լավագույն աճի համար նախ պիտի ընդարձակեմ մտքիս սահմանները։ Այս օրվանից վերհիշելու եմ, որ մինչև առավելությունս չդառնա կյանքիս մոլուցքը, շնորհներս երբեք էլ չեն վերածվելու փառքի։ Եվ մինչև այլոց ծառայելու ծարավը չգերազանցի հոգուս անվստահությունները, զրկվելու եմ օգտակարության թանկարժեք ժամերից։

Այս օր ես վերաբեռնելու եմ նվիրումս, որպեսզի խուսափեմ կեղծ ազնվականությունից,լինեմ անկեղծ, համեստ ու շիտակ և իբրև հասարակ մահկանացու դրել եմ ոտքերս երկրիս սուրբ հողին։ Միգուցե գտնվեն չարախոսներ ու չկամներ, որոնք քարեր կնետեն երեսիս, ես նրանց չարությանը կպատասխանեմ բարությամբ, սիրով, անգամ, եթե արժանի չլինեն դրան։

Կլինեն նաև քննադատներ, որոնք կփորձեն վատաբանել ու քարկոծել, ես նրանց նետած քարերից կկառուցեմ գեղեցկադեմ կոթողներ։ Եվ ի պատասխան նրանց ես կժպտամ ճչացող իմաստությամբ,որ խրված է սրտիս խորքում և եթե նույնիսկ կոչեն ինձ խենթ,ես նորից կժպտամ նրանց նույն իմաստուն ժպիտով, քանզի, մարդի’կ,իմացե’ք,խենթերն են պտտում մոլորակն առաջ։ Ես չեմ վախենում տարբերվելուց։ Ես վստահ սլանալու եմ առաջ։ Այս օրը իմ օրն է»։

Leave a comment