Toyota Motor-ը հայտարարել է 3.6 միլիարդ դոլարի ներդրման մասին, որի նպատակն է միջին չափի Tacoma պիկապների արտադրությունը Մեքսիկայից տեղափոխել ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում գտնվող իր գործարան։ Այս մասին հայտնում է CNBC-ն։
Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը ներդրումների շնորհիվ ԱՄՆ-ում կստեղծվի 2000 նոր աշխատատեղ, գործարանում կգործարկվի երկրորդ հավաքման գիծը, իսկ տարեկան արտադրական հզորությունը կավելանա 200 հազարից մինչև 350 հազար ավտոմեքենա։
Այս որոշումը Toyota-ի՝ մինչև 2030 թվականը ամերիկյան տնտեսությունում մինչև 10 միլիարդ դոլար ներդնելու ծրագրի մի մասն է։
Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ Toyota-ն կպահպանի իր ներկայությունը Մեքսիկայում և կշարունակի պիկապների արտադրությունը Գուանախուատո քաղաքում գտնվող գործարանում։ Միևնույն ժամանակ Տիխուանայից Տեխաս արտադրական հզորությունների տեղափոխումը կտևի մոտ չորս տարի։
«Այս ներդրումներn ընդլայնում են Toyota-ի արտադրական հնարավորությունները և լրացնում են մեր լայնածավալ հյուսիսամերիկյան արտադրական ցանցը», – հայտարարել են ընկերությունում։
Գործարանի ընդլայնումը կարող է օգնել ճապոնական ավտոարտադրողին կրճատել ԱՄՆ շուկայում իր հիմնական մրցակցի՝ General Motors-ի հետ ունեցած տարբերությունը։ Տարվա առաջին կեսին Toyota-ի վաճառքներն ԱՄՆ-ում աճել են 0.5%-ով՝ հասնելով 1.24 միլիոն ավտոմեքենայի, մինչդեռ General Motors-ի վաճառքները նվազել են 6.8%-ով։
Արտադրության տեղափոխումը տեղի է ունենում ավելի քան վեց տարի անց այն բանից հետո, երբ Toyota-ն հաստատել էր Tacoma-ի հավաքումը Տեխասից Գուանախուատոյի գործարան տեղափոխելու իր ծրագրերը։
Ներկայումս Տեխասի գործարանում արտադրվում են լիաչափ Toyota Tundra պիկապները և Toyota Sequoia ամենագնացները` ներառյալ դրանց հիբրիդային տարբերակները։
ԱՄՆ շուկայում Toyota-ի հաջողությունը մեծապես պայմանավորված է հիբրիդային տեխնոլոգիաների վրա կենտրոնացմամբ, մինչդեռ General Motors-ը հիմնականում շեշտը դրել է ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենաների զարգացման վրա։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։