«Փաստ» օրաթերթը գրում է.
Պետական ինստիտուտները, մասնավորապես իրավապահ համակարգը իշխող ուժի անձնական գործիքի վերածելը ամենակարճ ճանապարհն է դեպի քաղաքական ինքնակործանում։ Այն գործընթացը, որը ներկայում իրականացվում է Գագիկ Ծառուկյանի դեմ՝ «գործեր կարելու», սեփականությունը զավթելու և քաղաքական ազդեցությունը չեզոքացնելու տեսքով, տիպիկ է այն վարչակարգերին, որոնք կորցրել են կառավարման ռացիոնալ ուղին և անցել են բռնաճնշումների ռելսերի։
Մեկ անձի հրամանով ամբողջ իրավապահ համակարգի մոբիլիզացումն ընդդեմ կոնկրետ գործչի, իրականում ոչ թե ուժի, այլ համակարգային վախի ու անելանելիության ցուցադրություն է։ Սակայն միջազգային փորձը հստակ հուշում է՝ իրավապահներին «դահիճի» դերում հանդես գալ ստիպող իշխանությունը հենց իր ձեռքով է սկսում իր իսկ կործանման հաշվարկը։
Նմանատիպ սցենարների պատմական օրինակները՝ Ֆիլիպինների Մարկոսի ռեժիմից մինչև Պերուի Ֆուխիմորիի կամ Ուկրաինայի Յանուկովիչի «ընտանիքի» իշխանավարումը, ապացուցում են մի պարզ իրողություն. դահիճները, որոնք այսօր կատարում են իշխանության «պատվերները» և «գործեր կարում» ընդդիմախոսների դեմ, երբեք հավատարիմ չեն մնում։ Այդ համակարգի գործիչները՝ քննիչները, դատախազները, դատավորները, չունեն սկզբունքներ, նրանք ծառայում են բացառապես ուժին։
Հենց իշխանությունը թուլանում է կամ քաղաքական կոնյունկտուրան փոխվում է, նույն այդ իրավապահներն առաջինն են դառնում նախկին «տերերի» դեմ ցուցմունք տվողները՝ սեփական կաշին փրկելու համար։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված այս արշավը ոչ միայն հարվածում է երկրի տնտեսական հեղինակությանն ու իրավական անվտանգությանը, այլև իշխանության համար ստեղծում է մի վտանգավոր բումերանգ։
Իրավապահ համակարգի անկախությունը ոչնչացնելով՝ իշխանությունը վերացնում է վաղվա օրվա իր սեփական անվտանգության միակ երաշխիքը։ Պատմությունը դաս չի տալիս նրանց, ովքեր կարծում են, թե օրենքը ոտնահարելով՝ հնարավոր է անվերջ պահպանել իշխանությունը, քանի որ վաղ թե ուշ այն նույն իրավական գործիքակազմը, որն օգտագործվում է Ծառուկյանի դեմ, հարվածելու է հենց հրահանգավորողներին, և այդ ժամանակ նրանց չեն օգնելու ո՛չ ինստիտուցիոնալ անհավատարմությունը և ո՛չ էլ այն նույն իրավապահները, որոնց այսօր սովորեցնում են կատարել ցանկացած անօրինական հրաման։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները բացահայտել են, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել հրաժարվել իր երբեմնի ամենավստահելի թիմակիցներից մեկի՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ծառայություններից։ Իհարկե, շաբաթ օրը «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Հարությունյանը, ամենայն հավանականությամբ, չի վերանշանակվի նույն պաշտոնում։ Այժմ հայտնի են դարձել նաև այդ որոշման քաղաքական պատճառները։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը խիստ դժգոհ է մնացել թե՛ նախընտրական շտաբի աշխատանքից, թե՛ իրեն ներկայացված քաղաքական տեղեկատվության որակից, ինչի հետևանքով Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանից հետո, դառնում է երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որը հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը, որը մինչև հուլիսի 24-ը ներառյալ երկարատև արձակուրդում է, ներկայում գտնվում է ԱՄՆ-ում։ Նրա մերձավոր թիմակիցները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել են, որ նա, ամենայն հավանականությամբ, կգնա Ազգային ժողով, կվերցնի պատգամավորական մանդատը և կշարունակի իր գործունեությունը որպես պատգամավոր։
Սակայն ՔՊ վարչության մեր աղբյուրները բոլորովին այլ պատկեր են ներկայացնում։ Նրանց փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն Արայիկ Հարությունյանի նկատմամբ կուտակվել է հատկապես ընտրական գործընթացի ընթացքում։
Մասնավորապես, վարչապետը դժգոհ է եղել նախընտրական շտաբի աշխատանքի կազմակերպումից, ինչպես նաև քաղաքական և սոցիոլոգիական տեղեկատվության հավաքագրման ու վերլուծության որակից։ Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ մինչև ընտրությունները ՔՊ շտաբի պետի կողմից Փաշինյանին զեկուցվել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է ստանալ շուրջ 65 տոկոս աջակցություն և նույնիսկ ապահովել սահմանադրական մեծամասնություն։ Սակայն ընտրությունների արդյունքներով իշխանությունը հազիվ կարողացավ ստանալ շուրջ 49 տոկոս ձայն՝ այդ ցուցանիշին հասնելով նաև այն պայմաններում, երբ ԲՀԿ-ն դուրս թողեցին քաղաքական պայքարից թվային աճպարարությամբ, իսկ 3 տեղամասի արդյունքները ընդհանրապես չհաշվարկվեցին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետի մոտ հատկապես դժգոհություն է առաջացրել այն, որ իրեն ներկայացվել են իրականությունից կտրված գնահատականներ, որոնց հիման վրա ձևավորվել են քաղաքական սպասումները։ Ըստ այդմ՝ Փաշինյանը համարում է, որ շտաբային աշխատանքի և տեղեկատվության հավաքագրման ուղղությամբ լուրջ թերացումներ են եղել, և այդ պատասխանատվությունը կրում է գլխավորապես Արայիկ Հարությունյանը։
Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, Արայիկ Հարությունյանի ամենահավանական փոխարինողը վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցն է։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնավարումն ավարտելուց հետո Մակունցը վերադարձավ Երևան և նշանակվեց վարչապետի գլխավոր խորհրդական»։