Տնտեսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը փոխնախագահ Վենսի հետ կայցելի Երևան

Տնտեսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը փոխնախագահ Վենսի հետ կայցելի Երևան


ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/. Տնտեսական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյքոբ Հելբերգը փետրվարի 9-11-ը փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ կմեկնի Իտալիայի Միլան քաղաք, Հայաստանի մայրաքաղաք Երևան և Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։


Այդ մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:


Հաղորդագրության համաձայն՝ Վենսի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 9-ից 11-ը կայցելի Միլան, Երևան և Բաքու։


Հայաստան և Ադրբեջան այցերի ընթացքում նա կաջակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնություններին և կխթանի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) երթուղին։


TRIPP նախագծի մասին


 «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։


Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։


Leave a comment