Պորտուգալիայում, Հունաստանում, Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհներ են մոլեգնում

Հարավային Եվրոպայի վեց երկրներում անտառային հրդեհներ են։ DW-ի հաղորդմամբ՝ Հարավային Եվրոպայում կիրակի հրշեջները պայքարել են մի քանի անտառային հրդեհների դեմ, իսկ Ֆրանսիայի հարավ-արևմտյան իշխանությունները զգուշացրել են, որ մեկ հրդեհը կարող է հանգեցնել «Տուր դը Ֆրանս» հեծանվային մրցաշարի մասնակի չեղարկման։

Հրդեհներ են գրանցվել նաև Պորտուգալիայում, Հունաստանում, Իսպանիայում և Բալկաններում, հենց այն ժամանակ, երբ ամառային զբոսաշրջային սեզոնը հասնում է գագաթնակետին։ Եվրոպացի քաղաքական գործիչները զգուշացրել են այս տարի անտառային հրդեհներից առաջացող ծայրահեղ վտանգի մասին, մասնավորապես, հուլիս և օգոստոս ամիսներին։

Ֆրանսիայի Պիրենեյ-Օրիենտալ դեպարտամենտի Տրևիլյաչում հրդեհը բռնկվել է շաբաթ, ինչի հետևանքով երկու մարդ՝ մեկ հրշեջ և մեկ բնակիչ, ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում են։

Հրդեհը մարելու համար, որի ճակատային գիծը, ըստ պաշտոնյաների, ձգվում է 18 կիլոմետր, ուղարկվել է շուրջ 750 հրշեջ, 200 մեքենա, ինը ջրային ռմբակոծիչ ուղղաթիռ և այլ ինքնաթիռներ։ Երկուշաբթի հեծանվորդները պետք է ավարտական ​​գիծը հատեն Պիրենեյների Լե Անգլում, և մրցավազքի պաշտոնյաները հույս ունեն, որ երթուղին կարող է փոփոխվել անհրաժեշտության դեպքում։ Մոտ 300 հրշեջներ պայքարել են Ֆրանսիայի հարավ-արևելյան Դրոմ դեպարտամենտի լեռնային շրջանում տեղի ունեցած մեկ այլ հրդեհի դեմ։

Միևնույն ժամանակ, Պորտուգալիայի կենտրոնական Վուզելա շրջանում հինգշաբթի օրվանից մոլեգնող անտառային հրդեհն այրել է 12,000 հեկտար (30,000 ակր) տարածք՝ ըստ երկրի քաղաքացիական պաշտպանության վարչության։ Հրդեհը մարելու համար աշխատում են ավելի քան 1200 հրշեջներ, ինչպես նաև շուրջ 400 մեքենա և 15 ինքնաթիռ։

Կիրակի կեսօրին կրակը մասամբ վերահսկողության տակ է վերցվել, որոշ թեժ կետեր դեռևս մնացել են։ Իսպանիան ուրբաթ Պորտուգալիա է ուղարկել օժանդակ անձնակազմ և մեքենաներ, ինչպես նաև երկու ջրային ռմբակոծիչներ։ Իտալիան նույնպես ուղարկել է երկու հրշեջ ինքնաթիռ։

Իսպանիայի հյուսիս-արևելյան Ժիրոնա շրջանում ուրբաթ օրվանից մոլեգնող անտառային հրդեհը ոչնչացրել է մոտ 2200 հեկտար (5400 ակր) հողատարածք, հաղորդում է EFE լրատվական գործակալությունը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մոտակայքում բնակվող գրեթե 50,000 մարդկանց հրամայվել է մնալ տանը կամ տարհանվել։ Մի տղամարդ ձերբակալվել է ճանապարհեզրային աշխատանքների համար անկյունային հղկող սարք օգտագործելիս պատահաբար հրդեհ բռնկելու կասկածանքով։

Հունաստանում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել մայրաքաղաք Աթենքից արևմուտք։ Հաղորդվում է, որ հրդեհը տարածվում է Մանդրա շրջանի սոճու անտառում։ Պաշտոնյաները հայտնել են, որ հրդեհի դեմ պայքարում են ավելի քան 150 հրշեջներ և 22 ինքնաթիռներ՝ մասնագիտացված խմբերի և կամավորների հետ միասին։ Հունաստանի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Սալոնիկի որոշ հատվածներում բնակիչներին հրամայվել է մնալ տանը՝ փակ պատուհաններով և դռներով, այն բանից հետո, երբ վերամշակման գործարանը կրակի մեջ է հայտնվել և թունավոր ծուխ արտանետել։

Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ ոստիկանությունը ձերբակալել է 76-ամյա մի տղամարդու՝ կասկածանքով, որ նա հրդեհի պատճառ դարձել՝ իր մեքենայից կայծեր առաջացնելով, որոնք այրել են բուսականությունը։ Խոշոր հրդեհներ են գրանցվել նաև Խորվաթիայի Հվար կղզում և Ալբանիայի Թալե քաղաքում։

Վերջին տարիներին անտառային հրդեհները Հարավային Եվրոպայում սաստկացել են, հրդեհների սեզոնը երկարացել է, այրված տարածքների մակերեսը՝ մեծացել։ Վերջին հրդեհները բռնկվել են այն բանից հետո, երբ Եվրոպայի մեծ մասը տուժել է ամռան սկզբին սկսված շոգից։

Եվրամիությունն ակտիվացրել է անտառային հրդեհների սեզոնին նախապատրաստվելու ջանքերը, իսկ ԵՄ գործադիր մարմինը՝ Եվրոպական հանձնաժողովը, կազմակերպել է 14 երկրներից արտակարգ իրավիճակների խմբերի ամենամեծ տեղակայումը։

Խումբը նախապես տեղակայվել  է Կիպրոսի, Հունաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի բարձր ռիսկի գոտիներում՝ ջրային ռմբակոծիչների հետ միասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment