Armat media-ի աշխատակիցները ՔԿ–ում են. 10 անձից 1.5 ժամում դեռ միայն մեկն է հարցաքննվել

Բաժանորդագրվել

Լրատվական գործակալությունում իրականացված խուզարկությունից հետո առգրավված համակարգիչները և հեռախոսները դեռ չեն վերադարձվել։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Armat media լրատվական կայքի 10 աշխատակցի հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե` հարցաքննության։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գործակալության խմբագիր Նելլի Ավետիսյանը։

Նշենք, որ հունիսի 5-ին քննչական կոմիտեն գործողություններ էր սկսել իրականացնել Armat media–ի խմբագրությունում։ Այդ օրը խուզարկությունների ընթացքում առգրավվել էին աշխատակիցների համակարգիչները, հեռախոսները։

«Այս պահին քննչական կոմիտեում ենք: Այսօր վկայի կարգավիճակով հարցաքննության են հրավիրվել լրագրողները և օպերատորները: Ժամը 11։00-ից մենք այստեղ ենք, դեռևս 1 հոգի է ներս մտել, 9 անձ սպասում ենք»,– ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով` խուզարկությունների ընթացքում առգրավված համակարգիչներն ու աշխատակիցների հեռախոսները մինչ օրս չեն վերադարձվել։

Հիշեցնենք, որ քննչական գործողությունները ՔԿ–ն իրականացնում էր բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու ու առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վարույթի շրջանակում։

Leave a comment