ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ Թուրքիա կատարած այցի ընթացքում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ պատերազմը դադարեցնելու նոր ջանքեր գործադրելու համար, հայտարարել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան, գրում է Reuters-ը։
Նախատեսվում է, որ Թրամփը գագաթնաժողովին կժամանի երեքշաբթի։ Նրա առաջին հանդիպումը կկայանա գագաթնաժողովի կազմակերպիչ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։ Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը նաև կհանդիպի Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, հանդես կգա մամուլի ասուլիսով։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան, որն անանուն մնալու պայմանով լրագրողներին պատմել է ուղևորության մասին, ասել է, որ Թրամփը չորեքշաբթի կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ՝ քննարկելու, թե «ինչպես կարող են վերջ դնել Ուկրաինայում պատերազմին»։
«Մարտադաշտը վերջին մի քանի ամիսների ընթացքում ակնհայտորեն սառեցվել է, կողմերից ոչ մեկը մեծ առաջընթաց չի գրանցում։ Նախագահն անհրաժեշտություն է զգում՝ փորձել դադարեցնել սա»,- ասել է աղբյուրը։
Պաշտոնյան նաև նշել է, որ Թրամփը կոչ կանի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը․ «Նա անձամբ կփոխանցի այդ ուղերձը»։
Գագաթնաժողովի ընթացքում կհայտարարվեն պաշտպանության հետ կապված միլիարդավոր դոլարների գործարքների մասին, ասել է պաշտոնյան՝ առանց մանրամասներ հաղորդելու։
Եվրոպացի պաշտոնյաները հույս ունեն, որ Թրամփի ամուր հարաբերություններն Էրդողանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ կապահովեն հարթ գագաթնաժողով։ Սակայն եվրոպացիները շարունակում են անորոշության մեջ մնալ Իրանի պատերազմի շուրջ տրանսատլանտյան դառնության և ԱՄՆ նախագահի կողմից ՆԱՏՕ-ի հասցեին հաճախակի քննադատությունների պատճառով։
Թրամփը բողոքել է, որ ՆԱՏՕ-ի անդամներն ավելին չեն արել ԱՄՆ-ին օգնելու համար Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմում։
Շաբաթ օրը ԱՄՆ առաջնորդն 90 րոպե զրուցել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և առաջարկել օգնել՝ լուծում գտնել Ուկրաինայի պատերազմն ավարտելու համար, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Վերջին ամիսներին Ուկրաինան կարողացել է դանդաղեցնել կամ կասեցնել Ռուսաստանի առաջխաղացումը և ավելի մեծ ճնշում գործադրել Պուտինի վրա։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Թրամփը, հավանաբար, կշարունակի զրույցը Պուտինի հետ՝ Զելենսկիի հետ զրույցից հետո։
Անցյալ ամիս Զելենսկին կոչ էր արել Պուտինի հետ անհատական հանդիպում անցկացնել, սակայն Կրեմլի առաջնորդը հրաժարվել էր։
Ռուսաստանը հայտարարել է, որ ցանկացած լուծում պետք է ներառի Մոսկվայի կողմից Ուկրաինայի Դոնբասի շրջանի նկատմամբ լիակատար վերահսկողությունը։ Ուկրաինան մերժում է այս պահանջը։