Ռուսաստանցի թենիսիստուհի Ալինա Չարաևան հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Բաժանորդագրվել

Սպորտային քաղաքացիության փոփոխման գործընթացն իրականացվել է «Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի տևական բանակցությունների արդյունքում:

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ռուսաստանցի 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես փոխել է սպորտային քաղաքացիությունը և այսուհետ միջազգային հարթակում կներկայացնի Հայաստանը: Այս մասին գրում է «Կերոն» զարգացման հիմնադրամը։

«Պրոֆեսիոնալ թենիսիստուհի Ալինա Չարաևան միանում է «Կերոն» զարգացման հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրին և այսուհետ կներկայացնի Հայաստանը միջազգային թենիսի մրցաշարերում։ Երկարատև աշխատանքի և բանակցությունների արդյունքում՝ «Կերոն» զարգացման հիմնադրամի և Հայաստանի թենիսի ֆեդերացիայի աջակցությամբ Ալինան արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Ի դեմս WTA վարկանիշային աղյուսակում 118-րդ հորիզոնականը զբաղեցնող Չարաևայի՝ Հայաստանը միջազգային թենիսում ձեռք է բերում ևս մեկ ուժեղ և հեռանկարային մարզուհի՝ նպաստելով մեր երկրի առավել տեսանելի և մրցունակ ներկայությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ 2022 թ.-ից սկսած ITF-ի սահմանափակումների ֆոնին սպորտային քաղաքացիությունը փոխել են նաև մի շարք այլ հայտնի ռուս թենիսիստուհիներ:

Leave a comment