Բաքվում դատապարտված ռուսները կարող են փոխանակվել ՌԴ-ում դատապարտված ադրբեջանական սփյուռքի առաջնորդի հետ

Քաղաքականություն

03.07.2026 | 18:18

Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին առաջնորդ Շահին Շիխլինսկիին, որը Եկատերինբուրգում գործարարների սպանությունների գործով դատապարտվել էր 24 տարվա ազատազրկման, առաջիկայում կարող են փոխանակել Բաքվում պատիժը կրող ռուսաստանցիների հետ, հաղորդում է E1-ը: Աղբյուրի համաձայն՝ դա կարող է տեղի ունենալ արդեն օգոստոսի։ Նշվում է, որ նրա որդին նույնպես կներառվի փոխանակման գործընթացում։ E1-ի երկրորդ աղբյուրը հայտնել է, որ Շահին Շիխլինսկին լավատեսորեն է տրամադրված իրավիճակի նկատմամբ, գրում է The Moscow Times-ը։

«Նա 100 տոկոսով վստահ է, որ կներառվի փոխանակման գործընթացում»,- նշել է նախկին սփյուռքի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրը։

Հունիսի վերջին Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ ռուսական կողմը նախատեսում է փոխանակման հարցը քննարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ Մոսկվայում հանդիպման ժամանակ։

«Մենք սպասում ենք, որ մեր քաղաքացիները շուտով ազատ կարձակվեն»,- RTVI-ին տված հարցազրույցում ասել է Գալուզինը։

Երկու երկրների միջև հարաբերությունները վատթարացել էին  2025 թվականի ամռանը՝ Եկատերինբուրգում մի շարք սպանությունների և սպանության փորձերի հետ կապված Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային ձերբակալություններից հետո: Հունիսի 27-ի գործողության ընթացքում ձերբակալվել էին  տասնյակներ, այդ թվում՝ Շահին Շիխլինսկին և նրա որդի Մութվալան: Հուսեյն և Զիյադդին Սաֆարով եղբայրները մահացել էին քննչական գործողությունների  ընթացքում: Բաքուն հայտնել էր բռնի մահվան մասին և հետաքննություն սկսել, մինչդեռ Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել էր, որ եղբայրներից մեկի մահվան պատճառը սրտի անբավարարությունն է եղել։

Այս իրադարձություններից հետո, 2025 թվականի հուլիսի 1-ին, Բաքվում ձերբակալվել էին Ռուսաստանի 11 քաղաքացիներ՝ Իրանից թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբերհանցագործության մեղադրանքով։ Այս տարվա մայիսին և հունիսին նրանք դատապարտվել են ազատազրկման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment