Հութիները Եմենի երկնքում կրակ են բացել սաուդյան ինքնաթիռների վրա

Բաժանորդագրվել

Շիա շարժումը հայտարարել է, որ հարվածներ կհասցնի Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին, եթե նրա ռազմական ինքնաթիռները կրկին ներխուժեն Եմենի օդային տարածք:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) շիա շարժումը հայտարարել է, որ կրակ է բացել Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռների ուղղությամբ, որոնք փորձել են խանգարել Իրանից քաղաքացիական ինքնաթիռի վայրէջքին Սանայի միջազգային օդանավակայանում:

«Մենք սաուդյան հակառակորդի ինքնաթիռների ուղղությամբ մի քանի զենիթային հրթիռ ենք արձակել և ստիպել նրանց լքել օդային տարածքը», – ասել է հութիների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան:

Նրա խոսքով՝ օդանավում գտնվել են Եմենի ավելի քան 200 քաղաքացիներ, այդ թվում նրանք, ովքեր ավելի վաղ չէին կարողացել լքել Իրանը ռազմական գործողությունների պատճառով, ինչպես նաև այնտեղ բուժվող վիրավորներն ու հիվանդները: Այդ ինքնաթիռով ԻԻՀ պետք է մեկնեին նաև հութիների պաշտոնական պատվիրակության անդամները՝ մասնակցելու Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը:

Շարժումը հայտարարել է, որ հարվածներ կհասցնի Սաուդյան Արաբիայի օդանավակայաններին, եթե նրա ռազմական ինքնաթիռները կրկին ներխուժեն Եմենի օդային տարածք:

«Նախազգուշացնում ենք սաուդյան հակառակորդներին, որ մեր օդային տարածքը խախտելու ցանկացած նոր փորձ կամ մեր երկրի դեմ ագրեսիայի ցանկացած գործողություն կհանգեցնի համապարփակ պատասխան հարվածի նրա օդանավակայաններին և կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին՝ ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում», – ասել է Սարիան:

Հութիների ներկայացուցիչը հավաստիացրել է, որ Սանայի և Թեհրանի միջև օդային հաղորդակցությունը կշարունակվի՝ շնորհակալություն հայտնելով Իրանին օդային շրջափակումը ճեղքելու համար, որը 2015 թվականից հաստատվել է Էր Ռիադի կողմից:

Leave a comment