Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի վերջին խոսքն ԱԺ-ում (տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հանդես է եկել վերջին ելույթով՝ շնորհակալություն հայտնելով պատգամավորներին և ԱԺ աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։
Սիմոնյանը նշել է, որ խորհրդարանում միասին անցած տարիները եղել են պատմական և դժվարություններով լի, սակայն այդ ընթացքում գործընկերների նկատմամբ կասկած չի ունեցել։
«Պատմություն կերտեցինք միասին, և ես անկեղծ շատ հպարտ եմ։ Հպարտ եմ, որ միասին աշխատել ենք, հպարտ եմ, որ այդ ծանր բաների միջով միասին ենք անցել»,- ասել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահը կարևորել է նաև խորհրդարանի միջազգային գործունեությունը՝ նշելով, որ համատեղ իրականացված այցերը, բանակցությունները և հանդիպումները պատմական նշանակություն են ունեցել։
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին։
Նա հաջողություն է մաղթել ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին:
«Պարոն Ռուբինյանին՝ իմ ընկերոջը, հաջողություն եմ մաղթում։ Թող ինքը լինի երկրորդ Ազգային ժողովի նախագահը, որը կայուն հինգ տարի կունենա Ազգային ժողովում»,- ասել է Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը նաև ներողություն է խնդրել, եթե աշխատանքի ընթացքում որևէ մեկի նկատմամբ անարդար է եղել։
«Եթե աշխատանքի ընթացքում որևէ մեկի նկատմամբ անարդար եմ եղել, թող ներողամիտ լինեն։ Դուք գիտեք, որ ես բոլորիդ սիրում եմ, և որքան կարևոր եք բոլորդ ինձ համար։ Կեցցե՛ն նահատակները և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է նա։