Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որը փոփոխության է ենթարկելու «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը։
Նոր կարգավորումներով՝ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին սահմանվել են որպես ոչ աշխատանքային։ Ամրագրվում է նաև, որ կառավարությունն այլևս իրավունք չի ունենա տոների կամ հիշատակի օրերի հետ կապված ոչ աշխատանքային օրեր սահմանել հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի հաշվին։
Մեռելոց օրերը հաջորդում են հետևյալ տոներին՝
- Սուրբ Ծնունդ
- Սուրբ Հարություն
- Պայծառակերպություն (Վարդավառ)
- Սուրբ Աստվածածնի վերափոխում (Խաղողօրհնեք)
- Խաչվերաց
Քննարկման արդյունքում հստակեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա նշման կարգը։ Տոնը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը երկուշաբթի է, ապա նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը։
- Հայ կինոյի օրը այսուհետ ապրիլի 16-ի փոխարեն կնշվի ապրիլի 13-ին։
- Երկրապահի օրը վերանվանվել է «Երկրապահ-աշխարհազորայինի օր»։
- Հայրերի օրը հունիսի 17-ի փոխարեն կնշվի հունիսի երրորդ կիրակի օրը։
- Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրերը տարանջատվել են․ հուլիսի 5-ը մնացել է Սահմանադրության օր, իսկ Պետական խորհրդանիշների օր է սահմանվել օգոստոսի 23-ը։
Ազգային փոքրամասնությունների համար, նրանց իսկ առաջարկով, կառավարությունը կկարողանա սահմանել ոչ աշխատանքային օրեր՝ իրենց ազգային տոները նշելու նպատակով։ Սահմանվել է նաև Մեսրոպ Մաշտոցի օր՝ փետրվարի 17-ին։
Տոնացույցում ավելացվել է Նավասարդը՝ որպես ազգային ավանդույթների, մշակույթի և համայն աշխարհի հայերի միասնության օր, որը կնշվի օգոստոսի 11-ին։
Սահմանվել են Երևանի և մարզերի օրեր, որոնք կնշվեն սեպտեմբերի 5-ին հաջորդող առաջին շաբաթ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ օր հստակ հերթականությամբ։