Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդին. զոհ կա

Քաղաքականություն

03.07.2026 | 11:20

Հուլիսի 3-ի առավոտյան Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել ՌԴ  Բելգորոդ քաղաքին և Բելգորոդի շրջանին, հայտնել է տարածաշրջանային օպերատիվ խումբը, գրում է Meduza-ն։

Հարվածի հետևանքով կին է զոհվել։ Քաղաքապետ Վալենտին Դեմիդովը պարզաբանել է, որ նա բեկորային վնասվածքներ է ստացել մեքենայում գտնվելու ժամանակ, մահացել է մինչև շտապօգնության ժամանումը։

Օպերատիվ շտաբ տվյալներով՝ հրդեհ է բռնկվել ենթակառուցվածքային օբյեկտում։ «Լուրջ վնաս» է հասցվել էներգետիկ ենթակառուցվածքներին։ Մի քանի համայնքներում էլեկտրաէներգիայի և ջրի անջատումներ են։

«Пепел» տելեգրամյան ալիքը պնդում է, որ հարվածի տակ են հայտնվել Գուբկինա փողոցում գտնվող «Յուժնայա» էլեկտրակայանը և Միչուրին փողոցում գտնվող «Էներգո» ջերմաէլեկտրակայանի տարածքում գտնվող կայանը։

Ուկրաինական կողմը որևէ մեկնաբանություն չի արել Բելգորոդի վրա հարձակման վերաբերյալ։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը խոցվել է 155 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ Բելգորոդի և Մոսկվայի մարզերի վրա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment