ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է ԵԱԶԲ տարեկան ժողովին և բիզնես ֆորումին
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տարեկան ժողովին և բիզնես ֆորումին: Միջոցառումը համախմբել էր տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային փորձագետների և գործարար շրջանակների ներկայացուցիչների՝ քննարկելու «Եվրասիա 2030+. ներդրումներ, տնտեսական աճ և նոր հնարավորություններ» թեման:
Համաժողովի շրջանակներում Ավագ Ավանեսյանը մասնակցել է «Պետություն-մասնավոր գործընկերություններ. Եվրասիայի ապագայի ներդրումային ներուժի բացահայտումը» թեմայով նստաշրջանին և ներկայացրել Հայաստանի փորձը և ձեռքբերումները: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանի ՊՄԳ օրենսդրությունը համարվում է տարածաշրջանում լավագույններից մեկը ներդրողների պաշտպանվածության և իրավական կանխատեսելիության տեսանկյունից, ապա շեշտել, որ պետության համար առաջնահերթություն է ոչ թե պարզապես ծրագրերի քանակը, այլ դրանց որակն ու կայունությունը:
Ֆորումի շրջանակներում Ավագ Ավանեսյանը հայտարարել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողական քաղաքականություն է վարում մակրոտնտեսական կայունության ամրապնդման ուղղությամբ: Նա նշել է, որ Հայաստանի թիրախն է առաջիկա հինգ տարիների ընթացքում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազեցնել մինչև 45%: Ըստ փոխնախարարի՝ սա թույլ կտա կրճատել պարտքի սպասարկման ծախսերը և ընդլայնել ֆինանսական համատեքստում պետության մանևրելու հնարավորությունները:
Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ Ավագ Ավանեսյանը նշել է, որ դեպի Թուրքիա երկաթուղու վերականգնումը պետք է գնահատվի տարանցման, անվտանգության և տնտեսական ընդհանուր էֆեկտի տեսանկյունից: Նա պարզաբանել է, որ Հայաստանի շահը կայանում է տնտեսական հզորության ավելացման և նոր տարանցիկ հնարավորությունների ստեղծման մեջ: TRIPP («Թրամփի ուղի») նախագծի վերաբերյալ փոխնախարարը տեղեկացրել է, որ հաշվարկները ներկայումս քննարկվում են ԱՄՆ գործընկերների հետ:
Ավագ Ավանեսյանը ներկայացրել է նաև ԵԱՏՄ շրջանակներում պետական գնումների միասնական թվային հարթակի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նախաձեռնության նպատակն է վերացնել տեխնիկական արգելքները, ապահովել էլեկտրոնային ստորագրությունների փոխճանաչումը և հավասար հասանելիություն ստեղծել անդամ երկրների ընկերությունների համար:
Միջոցառման ընթացքում Ավագ Ավանեսյանը հանդիպել է նաև մի շարք միջազգային գործընկերների հետ և քննարկել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման և նոր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման հեռանկարները: