Քաղաքականություն
01.07.2026 | 20:47
Քննարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը հաջողությամբ շարունակվում է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ մամուլի համար համատեղ հայտարարությունում։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ փաստացի խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել։
«Մենք միակողմանի քայլեր ձեռնարկեցինք՝ ցույց տալու համար, որ սա թղթի վրա խաղաղություն չէ։ Մենք ցույց ենք տալիս, որ մեզ համար խաղաղությունն իրականություն է»,- ասել է նա։
Բացի այդ, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Եվրամիության հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում։
«Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները Եվրոպական հանձնաժողովի հետ։ Այսօր ԵՀ նախագահի և նրա պատվիրակության հետ քննարկեցինք շատ լայն և համապարփակ օրակարգ։ Եվրամիությունն Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերն է։ Մեր արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ-ին։ Միաժամանակ, Ադրբեջանը նաև Եվրամիության հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- նշել է նա։
Ալիևը հիշեցրել է Եվրահանձնաժողովի նախագահի՝ չորս տարի առաջ Ադրբեջան կատարած այցը, որի ընթացքում ստորագրվել է էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանի բնական գազի արտահանումը ԵՄ անդամ երկրներ, ըստ նրա, աճել է շուրջ 65 տոկոսով։ Ներկայում գազի արտահանման կեսը գնում է ԵՄ անդամ երկրներ։ Ընդհանուր առմամբ, ԵՄ անդամ 10 պետություն բնական գազ է ստանում Ադրբեջանից, և կա հետագա ընդլայնման ներուժ, հավելել է Ալիևը։
Նա նաև հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովի հետ Բաքվի հարաբերությունների նոր ոլորտներից մեկը վերականգնվող էներգիայի ոլորտն է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի