Սահմանադրական դատարանում այսօր դատական նիստի ընդմիջմանը լրագրողները ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեցին աղմկահարույց երեք ընտրատեղամասերում արձանագրված խախտումների մասին։ Լրագրողների դիտարկմանը, թե ինչու ԿԸՀ-ն մինչև բողոքների ներկայացումը սեփական նախաձեռնությամբ վերաքվեարկություն չնշանակեց, և արդյոք դրանով չեն չեղարկվել այդ տեղամասերի քաղաքացիների ձայները, Վահագն Հովակիմյանը պատասխանեց․ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր տեսակետը ներկայացրել է թե՛ բացատրություններով, թե՛ եզրափակիչ ելույթով։ Ամեն ինչ արդեն ներկայացված է։ Սահմանադրական դատարանի որոշումը կլինի, և բոլորս կտեսնենք, թե ում փաստարկներն են ճիշտ, և ումը՝ սխալ»։