Jaguar-ը վաղուց ներկայացրել էր նոր Type 01-ի նախատիպը, որը հակասական արձագանքների արժանացավ ամբողջ աշխարհում։ Չնայած դրան՝ ընկերությունը շուտով կթողարկի այս ավտոմեքենան։
Jaguar Land Rover (JLR)-ի առևտրային տնօրենը հայտնել է 2027 թվականի Jaguar Type 01-ի պաշտոնական մեկնարկի ժամկետները։ Մոդելի շնորհանդեսը կկայանա հոկտեմբերին՝ Նյու Յորքում կազմակերպվող հատուկ միջոցառման շրջանակում։ Թոփ-մենեջերի խոսքով՝ Type 01-ի հնարավորությունները «ֆանտաստիկ են», իսկ մեքենան ինքնին՝ «ինժեներական մտքի հրաշք»։
Հիշեցնենք, որ բրիտանական մոդելը հիմնված է Jaguar Land Rover-ի սեփական մշակմամբ ստեղծված նորագույն 850-վոլտանոց հարթակի վրա։ Ավտոմեքենայի երկարությունը հասնում է 5.2 մետրի։ Այն համալրված է երեք էլեկտրաշարժիչով (մեկը՝ առջևում, երկուսը՝ հետևում), որոնք միասին ապահովում են մինչև 1000 ձիաուժ հզորություն և 1300 Նմ պտտող մոմենտ։ Նորույթի քաշը կազմում է շուրջ 2.7 տոննա, սակայն նույնիսկ այդ դեպքում այն 0-ից մինչև 100 կմ/ժ արագանում է ընդամենը երեք վայրկյանից մի փոքր ավելի ժամանակում։
Հատակամասի տակ տեղադրված է 120 կՎտժ տարողությամբ մարտկոց, որը թույլ է տալիս մեկ լիցքավորմամբ անցնել մինչև 700 կմ։ Մոդելը համալրված է օդային կախոցով և ադապտիվ ամորտիզատորներով, որոնք ապահովում են բարձր սահունություն և հարմարավետություն։ Բացի այդ, նախատեսված է նաև հետևի անիվների կառավարման համակարգ, որը նվազեցնում է շրջադարձի շառավիղը։
Ընկերության առևտրային տնօրենը հայտնել է, որ Type 01-ը հասանելի կլինի միայն մեկ տարբերակով։ Միևնույն ժամանակ, բրիտանական արտադրողը կպահպանի անհատական մոտեցումը՝ պատրաստ լինելով հարմարեցնել Type 01-ը յուրաքանչյուր հաճախորդի անհատական պահանջներին։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։