Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2001-2020 թվականներին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, իր պաշտոնավարման ժամանակահատվածում բժշկական կենտրոնի աշխատակիցների և մի շարք այլ անձանց օժանդակությամբ կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, ինչպես նաև շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներից ելնելով կատարել է պաշտոնեական կեղծիք։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված պաշտոնյան իր հետ փոխկապակցված անձանց ձևական ընդունել է բժշկական կենտրոն աշխատանքի, սակայն, վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու պայմաններում, ԲԿ-ի պաշտոնատար անձանց օժանդակությամբ շրջանառության մեջ է դրել աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա հիշյալ անձինք աշխատավարձ են ստացել: Արդյունքում՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ին պատճառվել է շուրջ 30 մլն ՀՀ դրամի վնաս։
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար բժշկական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ) (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին), ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ) և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ) (համապատասխանում Է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 445–րդ հոդվածի 1-ին մասին):
Նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնի նախկին տնօրենն ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքն ու ամբողջությամբ վերականգնել հանցագործությամբ պատճառված շուրջ 30 մլն ՀՀ դրամի վնասը։ Նրա ու ևս 8 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում: