Քաղաքականություն
01.07.2026 | 10:55
Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ ալ-Թանին հանդիպել է ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ քննարկելու ԱՄՆ-Իրան բանակցությունները և տարածաշրջանային զարգացումները, գրում է CNN-ը։
Հայտարարության համաձայն՝ քննարկվել են Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների վերջին զարգացումները՝ երկու կողմերի միջև փոխըմբռնման հուշագրի շրջանակում, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման ջանքերը՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով։
Անդրադարձ է եղել նաև Լիբանանում հրադադարի ռեժիմին, ընդգծվել է դրա կայունացման և զարգացման կարևորությունը՝ Լիբանանի միասնությունը, ինքնիշխանությունը և կայունությունը պահպանելու համար, հայտնել է նախարարությունը։
Կատարի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Դոհայի շարունակական միջնորդական ջանքերը և ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրից բխող երկխոսությանն իր աջակցությունը։
Այսօր տեղի են ունենալու նաև Իրանի ու Կատարի բանակցությունները։ Կողմերը քննարկելու են Թեհրանի և Վաշինգտոնի միջև կնքված համաձայնագրի իրականացումը, ինչպես նաև նրա սառեցված ակտիվները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Ավելի վաղ Կատարը հայտարարել էր, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև տեխնիկական բանակցությունները շարունակվում են, սակայն ներկայում երկու երկրների միջև բարձր մակարդակի հանդիպումներ նախատեսված չեն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի