Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում, գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը
Ամենամեծ վտանգ ներկայացնում են ջերմաստիճանի կտրուկ և արագ բարձրացումները, որոնք կենդանիներին նոր պայմաններին հարմարվելու ժամանակ չեն թողնում։ Ամենից շատ տուժում են թռչունները, մանր կաթնասունները և խիտ մորթի ունեցող խոշոր կենդանիները, որոնց համար նույնիսկ շուրջ մեկ շաբաթ շարունակ պահպանվող +27 °C ջերմաստիճանը կարող է մահացու լինել։
Բարձր ջերմաստիճանը լուրջ սպառնալիք է նաև ջրային էկոհամակարգերի համար․ տաքացած ջուրը կորցնում է իր մեջ լուծված թթվածնի զգալի մասը, ինչի հետևանքով տեղի են ունենում ձկների զանգվածային անկումներ։ Անողնաշարավորներն ու սողունները նույնպես տուժում են ջրազրկումից և ստիպված են փոխել իրենց կենսակերպն ու վարքագիծը։
Գիտնականները զգուշացնում են, որ կենսաբազմազանության պահպանության ռազմավարությունները պետք է հաշվի առնեն նաև կարճատև, բայց ինտենսիվ շոգի ալիքները, քանի որ դրանք ընդամենը մի քանի օրվա ընթացքում կարող են լուրջ վնաս հասցնել կենդանիների պոպուլյացիաներին։