Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար

Թուրքիան դիտարկում է SAMP-T և Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հնարավորությունը՝ որպես իր պաշտպանությունը ամրապնդելու ավելի լայն ջանքերի մաս։ Այս մասին Անկարայում հաջորդ շաբաթ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Reuters-ին ասել է Թուրքիայի  պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, գրում է Turkiye today-ը։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն հարմարվում է փոփոխվող անվտանգության լանդշաֆտին, այլ ոչ թե ճգնաժամի է բախվում։

«ՆԱՏՕ-ն շարունակում է մնալ աննախադեպ և հիմնարար հարթակ եվրատլանտյան անվտանգության և պաշտպանության համար։ Մենք գնահատում ենք այն ժամանակահատվածը, որն ապրում ենք ոչ թե որպես ճգնաժամ, այլ որպես փոփոխվող անվտանգության միջավայրին հարմարվելու գործընթաց»,- ասել է Գյուլերը Reuters-ի հարցերին գրավոր պատասխաններում։

Reuters-ի փոխանցմամբ՝ Գյուլերը նշել է, որ Թուրքիան քննարկում է իր օդային պաշտպանության կարողությունները հզորացնելու բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ SAMP-T և Patriot համակարգերի գնումը։ Նախարարը նաև ասել է, որ Թուրքիան նպատակ ունի մինչև 2029 թվականը հասնել ՆԱՏՕ-ի բոլոր կարողությունների նպատակներին։

Գյուլերը նշել է, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ դուրս գալ ՆԱՏՕ-ից, սակայն ցանկանում է, որ եվրոպացի դաշնակիցները և Կանադան ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն մայրցամաքի անվտանգության համար։

«Ակնկալվում է, որ գագաթնաժողովում կակտիվանան շփումները և եվրոպական հենասյունն ամրապնդելու համար կոնկրետ ճանապարհային քարտեզ ստեղծելու ջանքերը»,- ասել է նա՝ հավելելով, որ չնայած Անկարան աջակցում է բեռի ավելի արդարացի բաշխման կարգավորմանը՝ նրա առաջնահերթությունը մնում է դաշինքի միասնության պահպանումը։

Գյուլերն ասել է, որ ԱՄՆ-ը շարունակում է կենտրոնական դեր խաղալ դաշինքի անվտանգության և զսպման գործում, և որ տրանսատլանտյան կապի պահպանումը ռազմավարական նշանակություն ունի։

«ՆԱՏՕ-ի ներկայիս միջուկային համատեղ օգտագործման կարգավորումները և ԱՄՆ-ի դերն ընդլայնված զսպման գործում շարունակում են հիմնարար նշանակություն ունենալ Դաշինքի անվտանգության համար»,- ասել է նա։

Ըստ թուրք պաշտոնյայի՝ այս ընդլայնված եվրոպական դերը պետք է ներառի Թուրքիան իր պաշտպանական ծրագրերում և նախաձեռնություններում։

Թուրքիան հուլիսի 7-8-ն Անկարայում կհյուրընկալի ՆԱՏՕ-ի 32 ղեկավարների, ինչպես նաև Պարսից ծոցի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պաշտոնյաների, դաշինքի ներսում լարվածության ֆոնին՝ կապված բեռի բաշխման, պաշտպանական ծախսերի և Հորմուզի նեղուցի վերաբացման գործում դաշնակիցների սահմանափակ մասնակցության վերաբերյալ ԱՄՆ-ի բողոքների հետ։

Գյուլերը նշել է, որ գագաթնաժողովի օրակարգը կկենտրոնանա դաշինքի միասնության, դաշնակիցների պաշտպանական ծախսերի ավելացման գնահատման, պաշտպանական արդյունաբերության համագործակցության ամրապնդման և Ուկրաինային աջակցության մեծացման վրա։

Գյուլերը Reuters-ին նաև ասել է, որ եվրոպական պաշտպանական նախաձեռնությունները սկզբունքորեն դրական են, բայց բացակայում են ներառականությունը, և որ Թուրքիան պետք է ներգրավված լինի դրանցում։ Նա ասել է, որ Անկարան պետք է դեր ունենա եվրոպական պաշտպանական ծրագրերի և նախաձեռնությունների ձևավորման գործում՝ հաշվի առնելով իր ռազմական և արդյունաբերական կարողությունները։

«Մենք կարծում ենք, որ նման կարևոր կարողության (Թուրքիայի) բացառումը Եվրոպայի պաշտպանական նախաձեռնություններից ռազմավարական առումով սխալ մոտեցում է»,- ասել է նա՝ հավելելով, որ Անկարան ակնկալում է, որ Եվրոպան կընդունի «տեսլականային մոտեցում» և Թուրքիայի հետ համագործակցությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment