Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի

Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ Քիր  Սթարմերը հայտարարել է, որ Լոնդոնը մինչև 2029 թվականը պաշտպանության ծախսերը կավելացնի մինչև գրեթե 80 միլիարդ ֆունտ սթերլինգի (105,85 միլիարդ դոլար), գրում է Current time-ը։

Սթարմերի խոսքով՝ սա թույլ կտա ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2,3%-ից բարձրացնել մինչև 2,7%-ի, իսկ հաջորդ ընտրական փուլում այդ ցուցանիշը կարող է հասնել 3%-ի: Նոր ծրագրի շրջանակում կառավարությունն առաջիկա տարիների ընթացքում լրացուցիչ 15 միլիարդ ֆունտ է հատկացնում: Սա մոտավորապես կեսն է այն 28 միլիարդ ֆունտ սթերլինգի, որն անհրաժեշտ է Մեծ Բրիտանիայի զինված ուժերին՝ ըստ ռազմական ղեկավարության։

Լրացուցիչ միջոցներից ավելի քան հինգ միլիարդ ֆունտ կհատկացվի անօդաչու թռչող սարքերի մշակմանը: Երկիրը նաև կկառուցի «հիբրիդային նավատորմ»՝ ռազմանավեր, որոնց կուղեկցեն անօդաչու մակերևութային և ստորջրյա նավակներ։

2025 թվականի ռազմավարական պաշտպանության վերանայման համահեղինակներից Ռիչարդ Բարոնսը BBC-ին ասել է, որ ծրագիրը «չի լուծում» թերֆինանսավորման խնդիրը, և որ Մեծ Բրիտանիան հետ է մնում իր դաշնակիցներից և հակառակորդներից։ Չնայած հայտարարված աճին՝ Սթարմերը չի կարողացել հասնել ՆԱՏՕ-ի կողմից պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու նպատակին։

«Ես պարտավորվել եմ ՀՆԱ-ի 5 տոկոսը ծախսել մեր համատեղ անվտանգության վրա, ներառյալ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկ անվտանգությունը, կարևորագույն ենթակառուցվածքները և պաշտպանությունը: Այսօր հրապարակված պաշտպանության ոլորտում ներդրումային ծրագիրն ապահովում է այդ պարտավորության 4,2 տոկոսը: Ամեն դեպքում, սա հսկայական, պատմական տեղաշարժ է մեր երկրի համար, և ես հպարտ եմ այդ ժառանգությամբ»,- ասել է Սթարմերը։

Հունիսի 22-ին Քիր Սթարմերը հայտարարել էր Լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին, սակայն շարունակում է պաշտոնավարել որպես կառավարության ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև իրավահաջորդության գործընթացի ավարտը։

Տասը օր առաջ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել էր հրաժարականի մասին՝ վկայակոչելով Սթարմերի ձախողումը և Ֆինանսների նախարարության կողմից երկրի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցները չհատկացնելը։ Դեն Ջարվիսը, որն աջակցում է Սթարմերի նոր ծրագրին, ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment