Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Քաղաքականություն

30.06.2026 | 10:19

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:

Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են Երևանի և բրիտանական քաղաքների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հնարավորություններին՝ տեղական ինքնակառավարման մակարդակում:

Դեսպանին ներկայացնելով քաղաքի զարգացմանն ուղղված կարևոր ծրագրերն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական խոշոր նախագծերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանը բաց է նորարար գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների ու կայուն ներդրումների համար։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ալեքսանդրա Քոուլն իր հերթին նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կաջակցի Երևանի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու և բրիտանացի ներդրողների ներգրավելու հարցում:

«Երևանը գրավիչ ու հետաքրքիր շուկա է՝ երկկողմ տնտեսական համագործակցության խորացման համար»,-նշել է դեսպանը:

Կարևորվել է նաև փորձի փոխանակումը ենթակառուցվածքների զարգացման, քաղաքային նախագծման և հանրային տարածքների բարելավման ու թվային փոխակերպման ոլորտներում:

Leave a comment