2589 հոգի տուգանվել է տրանսպորտում
Այս տարվա հանրային տրանսպորտում ուղեվարձի վճարման վերահսկողության շրջանակում արդեն կազմվել է 2589 վարչական ակտ։ Դրանք կազմվել են ՀՀ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի համաձայն։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան։
Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետի 2024 թվականի ապրիլի 10-ի հ.1393-Ա և 2025 թվականի հուլիսի 21-ի հ.2893-Ա որոշումներով՝ ներհամայնքային տրանսպորտում հսկողական աշխատանքների կազմակերպման և իրականացման լիազորությունները վերապահված են աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայությանը: Վերահսկողության գործընթացը կրում է մշտական բնույթ
Ըստ Հասարակական կարգի պահպանության ծառայության կանոնադրության՝ այն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որը ենթարկվում է քաղաքապետին։
«Ա1+»-ը Երևանի քաղաքապետարանին էր դիմել՝ պարզելու, թե քանի վերահսկիչ (տեսուչ) է ներգրավված հանրային տրանսպորտում ուղևորների վճարումների ստուգման գործընթացում, ինչպես են նրանք բաշխվում երթուղիների միջև, քանի ստուգում է իրականացվել 2026 թվականի ընթացքում և ինչքան գումար է նախատեսված այդ աշխատանքների համար։
Ծառայության կանոնադրության համաձայն՝ դրա կառուցվածքը, թվաքանակը և հաստիքացուցակը հաստատում է Երևանի ավագանին, սակայն քաղաքապետարանը «Ա1+»-ին չի հայտնել, թե ծառայության քանի աշխատակից է զբաղվում հանրային տրանսպորտում հսկողական աշխատանքներով։
Քաղաքապետարանի պատասխանում տվյալներ չեն տրամադրվել նաև վերահսկիչների բաշխման, իրականացված ստուգումների քանակի և համակարգի ֆինանսավորման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածով հանրային տրանսպորտում ուղեվարձ չվճարելու, վճարումը չվավերացնելու կամ այլ անձի արտոնությունից օգտվելու համար նախատեսված են վարչական տույժեր։ Խախտման տեսակից կախված՝ տուգանքը կարող է կազմել 3 հազարից մինչև 15 հազար դրամ։