Քաղաքականություն
29.06.2026 | 17:50
ՌԴ Վորոնեժի մարզի Ռոսոշանսկի շրջանային դատարանը կալանավորել է զինվորական Ալեքսանդր Լունինին՝ ծայրահեղական կամ նացիստական խորհրդանիշներ ցուցադրելու վարչական իրավախախտման համար (Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.3 հոդված), գրում է Meduza-ն։
Հունիսի 27-ին Լունինի 11-օրյա կալանքի մասին հաղորդագրությունը հայտնվել է նրա հետ կապված տելեգրամ ալիքում։ Ձերբակալության պատճառը, սակայն, չէր նշվում։ Գործի մասին տեղեկատվությունը դատարանի կայքում հայտնվել է միայն երկու օր անց՝ հունիսի 29-ի առավոտյան։ Դատարանը հրաժարվել է մանրամասները բացահայտել՝ նշելով, որ «նման դեպքերը ենթակա չեն բացահայտման»։ Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը 15-օրյա կալանքն է։
Ալեքսանդր Լունինը զինվորական է, որը սոցիալական ցանցերում ակտիվորեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված կոչեր էր հրապարակում։ Դրանցից մեկում նա սպառնում էր ռազմական խռովություն կամ ապստամբություն հրահրել, եթե իրեն թույլ չտան հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ ուղիղ եթերում, որպեսզի կարողանար պատմել «ամբողջ ճշմարտությունը երկրում այժմ կատարվողի մասին»։
Ընդամենը մեկ օրում այս կոչը հավաքել էր ավելի քան 10 միլիոն դիտում։ Երեք օր անց հայտնվել էին հաղորդագրություններ, որ Լունինի տանը խուզարկություն է իրականացվել, նա հետագայում ձերբակալվել է և ուղարկվել վարչական կալանքի։ Կրեմլը հայտարարել էր, որ դեռևս չի ծանոթացել կոչին, բայց այն «բավականին տարօրինակ ձևակերպումներ» է պարունակում։