Ռեցեսիայի դեպքում ամերիկյան բանկերի կորուստները կարող են գերազանցել 700 մլրդ դոլարը

ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը հրապարակել է երկրի խոշորագույն բանկերի ամենամյա սթրես-թեստերի արդյունքները։ Կարգավորողի եզրակացության համաձայն՝ խորը ռեցեսիայի դեպքում ֆինանսական հսկաները կարող են կրել գրեթե 750 միլիարդ դոլարի վնաս, սակայն կպահպանեն իրենց կայունությունը և չեն փլուզվի։

ԴՊՀ-ի մասնագետների մոդելավորած սցենարը բավականին ծանր է։ Գործազրկության մակարդակը բարձրանում է մինչև 10%, առևտրային անշարժ գույքի գները նվազում են 39%-ով, իսկ բնակարանների արժեքը՝ 30%-ով։ Չնայած դրան՝ ստուգմանը մասնակցած 32 համակարգային նշանակություն ունեցող բանկերը ցույց են տվել, որ ի վիճակի են պահպանել կապիտալը նվազագույն թույլատրելի մակարդակից բարձր։

Նման սցենարի դեպքում հնարավոր ընդհանուր կորուստները գնահատվում են 708 միլիարդ դոլար։ Կորուստների ամենամեծ բաժինը՝ 200 միլիարդ դոլարը, բաժին է ընկնում վարկային քարտերի պորտֆելին։ Եվս 160 միլիարդ դոլար բանկերը կարող են կորցնել առևտրային և արդյունաբերական վարկերից, իսկ 75 միլիարդ դոլար՝ առևտրային անշարժ գույքի վարկերից։

ԴՊՀ-ում սթրես-թեստերի արդյունքները գնահատել են որպես հաջողված։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսը Դաշնային պահուստային համակարգին պարտավորեցրել է անցկացնել նման սթրես-թեստեր 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո, որպեսզի գնահատի խոշոր բանկերի դիմակայունությունը ծանր տնտեսական ցնցումների պայմաններում։

Leave a comment