Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօրվա կառավարության նիստում զգուշացրել է, որ Իսրայելը «շատ լուրջ» է ընդունում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հռետորաբանությունը հրեական պետության հասցեին և մտադիր է դրա վրա հրավիրել ԱՄՆ-ի ուշադրությունը, հայտնում է The Times of Israel թերթը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։
«Հազիվ թե մի օր անցնի, որ Էրդողանը կոչ չանի ոչնչացնել Իսրայել պետությունը։ Մենք այս խոսքերը շատ լուրջ ենք ընդունում, որովհետև եթե մեր ժողովրդի պատմությունը մեզ ինչ-որ բան սովորեցրել է, ապա այն, որ երբ ինչ-որ մեկը ասում է, թե մտադիր է ոչնչացնել քեզ, դրան պետք է լուրջ վերաբերվել», — ասել է նա։
«Մենք նաև մեր ամերիկացի բարեկամների ուշադրությունը կհրավիրենք այս հայտարարությունների վրա։ Մենք չենք պատրաստվում դրանք անտեսել», — ասել է նա կառավարության անդամներին։
Նշենք, որ վերջին շրջանում Էրդողանը և թուրք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ուժեղացրել են Երուսաղեմի հասցեին հնչող սպառնալիքները։Ավելի վաղ այս ամսվա ընթացքում Թուրքիայի ներքին գործերի նախարարը կոչ էր արել երկրին «ազատագրել» Երուսաղեմը։