Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ պարզել է, որ տեսահոլովակների փոխանակման հարթակը խախտել է առցանց անվտանգության կանոնները
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Եվրամիությունը պարտադրել է TikTok-ին փոխել իր հարթակի «կախվածություն առաջացնող դիզայնը», հակառակ դեպքում ընկերությանը սպառնում են խոշոր տուգանքներ։ Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ պարզել է, որ տեսահոլովակների փոխանակման հարթակը խախտել է առցանց անվտանգության կանոնները, գրում է BBC-ն։
Որոշումը հաջորդել է չինական ընկերությանը պատկանող հավելվածի նկատմամբ Եվրոպական հանձնաժողովի հետաքննությանը, որը մեկնարկել էր դեռևս 2024 թվականի փետրվարին։
Ըստ նախնական եզրակացությունների՝ TikTok-ը պատշաճ կերպով չի գնահատել, թե ինչպես կարող են որոշակի գործառույթներ վնասել օգտատերերի, հատկապես՝ երեխաների հոգեկան առողջությանն ու բարեկեցությանը։ Հանձնաժողովը նշում է, որ ընկերությունը չի իրականացրել անհրաժեշտ քայլեր այդ ռիսկերը մեղմելու համար։
TikTok-ի ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ այս եզրակացությունները ներկայացնում են հարթակի «բացարձակապես կեղծ և անհիմն պատկերը», և ընկերությունը մտադիր է բողոքարկել դրանք։
Եթե TikTok-ին չհաջողվի հերքել մեղադրանքները, Հանձնաժողովը կարող է տուգանել ընկերությանը նրա տարեկան համաշխարհային շրջանառության մինչև 6%-ի չափով, ինչը գնահատվում է տասնյակ միլիարդավոր դոլարներ։
ԵՄ տեխնոլոգիական հարցերով պատասխանատու Հեննա Վիրկունենը լրագրողներին ասել է, որ տուգանքներից խուսափելու համար TikTok-ը պետք է «փոխի իր ծառայության դիզայնը Եվրոպայում»։
Հանձնաժողովը մի քանի առաջարկ է ներկայացրել այն քայլերի վերաբերյալ, որոնք հարթակը կարող է ձեռնարկել, այդ թվում՝ «էկրանային ժամանակի ընդմիջումների» ներդրումը գիշերային ժամերին օգտվելիս և ալգորիթմների փոփոխությունը, որոնք օգտատերերին մատուցում են անհատականացված բովանդակություն։
Հանձնաժողովը նաև առաջարկել է, որ TikTok-ն անջատի իր, այսպես կոչված, «անվերջ սքրոլինգը», որը թույլ է տալիս մարդկանց արագորեն դիտել հարթակում միլիոնավոր տեսահոլովակներ։
Ըստ ԵՄ պատասխանատուի՝ թվային ծառայությունների մասին ակտը հարթակներին պատասխանատու է դարձնում իրենց օգտատերերի վրա ունեցած ազդեցության համար։
«Եվրոպայում մենք կիրառում ենք մեր օրենսդրությունը՝ պաշտպանելու մեր երեխաներին և քաղաքացիներին առցանց տիրույթում», -ասել է Վիրկունենը։