«Ցավոք, Երեւանում քաղաքային միջավայրը չեն ընկալում որպես պատմության մաս: Հնագույն տաճարները, գորգերը, հին ձեռագրերը կամ ճարտարապետությունը՝ այո՛, բայց լապտերները, ցուցանակները, լուսացույցները, դիտահորերի կափարիչները՝ գրեթե երբեք», – ասում է գիտության հանրահռչակող եւ գյուտարարական մտքի հետազոտող Տիմ Սկորենկոն։ Մինչդեռ, նրա խոսքով, հենց այսպիսի դետալներում է հաճախ պահպանվում քաղաքի հիշողության ամենակենդանի եւ շոշափելի շերտը։
Վերջին մեկ տարվա ընթացքում Սկորենկոն ուսումնասիրում է Երեւանի դիտահորերի կափարիչները․ լուսանկարում դրանք, համակարգում, վերծանում մակնշումները, փնտրում արտադրող գործարանները եւ բառացիորեն հավաքում քաղաքի պատմությունը՝ մարդկանց ոտքերի տակ։ Այսօր նրա հավաքածուում արդեն կա Երեւանի տարբեր հատվածներից հավաքված 401 դիտահորի կափարիչ։
Քաղաքի կենտրոնով զբոսանքի ընթացքում նա ցույց է տվել ամենահետաքրքիր նմուշները, պատմել ուսումնասիրության ընթացքի մասին եւ ներկայացրել այն «այբուբեն»-ը, որի միջոցով հնարավոր է «կարդալ» դիտահորերի կափարիչները՝ բացահայտելով դրանց տարիքը, ծագումը եւ նույնիսկ՝ տվյալ ժամանակաշրջանի պատմական համատեքստը։
Թվում է՝ նման զբոսանքից հետո այլեւս անհնար է Երեւանով քայլել առանց ոտքերի տակ նայելու։ Քաղաքը մինչ օրս պահպանում է դիտահորերի կափարիչներ, որոնց վրայով, օրինակ, քայլել է Եղիշե Չարենցը։ Մեզանից շատերն ամեն օր շտապում են իրենց գործերով՝ չնկատելով, որ ոտք են դնում 1930-ականներին դեռահասների աշխատանքային գաղութներում կամ НКВД-ին (ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ – հեղ.) ենթակա գործարաններում ձուլված կափարիչների վրա, իսկ Էրեբունիում կարելի է հանդիպել նույնիսկ Իտալիայի Մապելլո քաղաքից (Բերգամոյի շրջան) բերված դիտահորերի կափարիչներ։
«Ցուցանակները, քաղաքային ժամացույցներն ու նույնիսկ՝ տարատեսակ հաշվիչները պատմության ամենակենդանի պահապաններն են»
Ուղեղս ինձ մշտապես ստիպում է ամեն ինչ դասավորել եւ համակարգել (ժպտում է – հեղ.): Միեւնույն ժամանակ, չնայած մաթեմատիկական մտածողությանս, ես ստեղծագործում եմ, գրում արձակ եւ երգեր։ Ինքնս ինձ մշտապես ինչ-որ բանով պետք է զբաղեցնեմ (ժպտում է – հեղ.)։ Օրինակ՝ չեմ սիրում ծովը, լողափն ու բնությունը, որովհետեւ այնտեղ միայն ավազ ու ծառեր են, չկա ոչ մի համակարգ։ Այլ զգացողություն է քաղաքներում: Այնպես որ, երբ Երեւան տեղափոխվեցի, հասկացա, որ այստեղ անպայման պետք է ինչ-որ բան համակարգեմ։
Սկսեցի շենքերի վրա փակցված հուշատախտակներից, եւ քանի որ այստեղ դրանք շատ են, կազմեցի հսկայական քարտեզ։ Այդ առիթով ծանոթացա Հայաստանի տուրիզմի ոլորտի մասնագետների հետ՝ առաջարկելով նրանց այդ քարտեզը: Ծանոթացա նաեւ Երեւանի պատմության թանգարանի ներկայացուցիչների հետ:
Բանն այն է, որ քաղաքային միջավայրն այսօր, ցավոք, չի ընկալվում որպես պատմություն։ Այս մոլորությունը գոյություն ունի թե՛ հասարակական գիտակցության, թե՛ մասնագետների մտածողության մեջ։ Հայկական գորգը, դուդուկը, Ուրարտուն կամ հին տաճարները պատմություն են, իսկ լապտերները, լուսաֆորները կամ դիտահորերի կափարիչները՝ ոչ։ Մինչդեռ քաղաքային հենց այս դետալները կարող են շատ բան «պատմել»:
Ցուցանակները, քաղաքային ժամացույցներն ու նույնիսկ՝ տարատեսակ հաշվիչները պատմության ամենակենդանի պահապաններն են։ Երեւանում, օրինակ, մինչ օրս կան դիտահորերի կափարիչներ, որոնց վրայով հաստատ քայլել են Ավետիք Իսահակյանը կամ Եղիշե Չարենցը, գուցե, նույնիսկ սայթաքել դրանց վրա (ժպտում է – հեղ.)։
Այլ երկրներում կան մարդիկ, որոնք ուսումնասիրում են քաղաքային միջավայրը, գործում են մասնագիտացված թանգարաններ։ Օրինակ՝ Մոսկվայում կա լապտերների թանգարան։ Իսկ Երեւանում դրանով ոչ ոք չի զբաղվում:
«Դիտահորերի կափարիչներով կարելի է «կարդալ» պատմությունը»
Երբ քաղաքային հուշատախտակները «վերջացան», ուղեղս շարունակեց փնտրել այն, ինչ կարելի է համակարգել (ժպտում է – հեղ.): Մի օր պարզապես լուսանկարեցի դիտահորի մի կափարիչ, հետո՝ երկրորդը, երրորդը, եւ երբ դրանց թիվը հասավ հարյուրի, սկսեցի ուսումնասիրել եւ փորձել դասակարգել:
Դիտահորերի կափարիչներով իսկապես կարելի է «կարդալ» քաղաքի պատմությունը։ Ես դրանք «վերծանում եմ» ԳՕՍՏ-երով, արտադրող գործարանների տարբերանշաններով, իսկ երբեմն նաեւ՝ տվյալ տարիներին հատուկ ուղղագրության առանձնահատկություններով։ Ամբողջ տեղեկատվությունը հիմնականում հասանելի է բաց աղբյուրներում, բայց ինձ շատ է օգնել նաեւ Մոսկվայից մի հիանալի հետազոտող՝ Վյաչեսլավ Մորոզկինը, որը բառացիորեն նստում է արխիվներում եւ որոնում ապրանքային նշաններ։ Նրա հավաքածուն հսկայական է, թեեւ դրանում հիմնականում մոսկովյան դիտահորեր են ընդգրկված:
«Ամենահետաքրքիր դիտահորերը պահպանվել են բակերում»
Երեւանում ժամանակակից կոյուղու համակարգը (առաջին հերթին՝ մալուխային ենթակառուցվածքը) ստեղծվել է 1920-ականներին, եւ հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտ են դարձել դիտահորերի կափարիչները։ Մինչ այդ թե՛ կոյուղին, թե՛ մյուս հաղորդակցությունները բաց տիպի էին, ինչպես շատ այլ քաղաքներում։ Հեռախոսային գծերը քաղաքում հայտնվել են դեռ 1913 թվականին, բայց դրանք վերգետնյա էին։ Գետնի տակ դրանք սկսեցին տեղափոխել նույնպես 1920-ականներին։
Այսօր ամենահետաքրքիր դիտահորերը պահպանվել են բակերում։ Փողոցներում շատ բան արդեն կորել է, քանի որ ժամանակի ընթացքում դրանք փոխարինել են նորերով:
Օրինակ՝ սա եզակի դիտահոր է: Այն արտադրվել է «Հայէլեկտրո»՝ Լենինի անվան հայկական էլեկտրամեքենաշինական գործարանում։ Որքան գիտեմ, այժմ Երեւանում պահպանվել է ընդամենը երկու նման կափարիչ՝ սա, քաղաքի կենտրոնի բակերից մեկում, եւ եւս մեկը՝ հեռախոսայինը, Նժդեհի հրապարակի մոտ։ Կարծում եմ՝ այն շուտով կվերանա, քանի որ հրապարակում հաճախ են վերակառուցման աշխատանքներ իրականացվում։
Այն եզակի է նրանով, որ Երեւանի առաջին տեղական արտադրության դիտահորի կափարիչներից է։ Ինչպես արդեն նշեցի՝ Երեւանում դիտահորերի կափարիչների կարիք է առաջացել 1920-ականներին, բայց այդ շրջանում դրանք ներմուծվում էին: Իսկ «Հայէլեկտրո»-ի դիտահորերը հայկական արտադրության առաջին նմուշներից են։
Հետաքրքիր է, որ НКС-ի (Կապի ժողովրդական կոմիսարիատ) դիտահորերի վրա գործարանային նշումները սովորաբար դրվում էին կափարիչի հակառակ կողմում, բայց «Հայէլեկտրոն» հայկական «վայբով» նշումն արել է կափարիչի արտաքին կողմում (ժպտում է – հեղ.):
Դիտահորեր, որոնք տարածված են այլ քաղաքներում, բայց Երեւանում գրեթե չկան
Եթե դասակարգենք Երեւանի դիտահորերը, ապա այստեղ կան հեռախոսային դիտահորեր, որոնց վրա կարող է գրված լինել НКПТ, НКС, МС, «Հեռախոս», ГТС («Քաղաքային հեռախոսային ցանց») կամ պարզապես արտադրողի նշանը, կան քաղաքային լուսավորության դիտահորեր՝ «Երքաղլույս» մակնշմամբ, ջրային ենթակառուցվածքների դիտահորեր (1979-ից հետո դրանք հեշտ է ճանաչել ալիքաձեւ նախշերով), ինչպես նաեւ՝ դիտահորի ունիվերսալ կափարիչներ:
Բայց կա դիտահորերի եւս երկու տեսակ, որոնք շատ տարածված են այլ քաղաքներում, իսկ Երեւանում գրեթե բացակայում են։
Առաջինը ջերմացանցերի դիտահորերն են։ Այստեղ դրանք վերացել են կենտրոնական ջեռուցման դադարեցմանը զուգահեռ՝ 1990-ականներին, իսկ դիտահորերի կափարիչների մեծ մասը ոչնչացվել է: Մի քանի նման դիտահոր պահպանվել է Նորքում, իսկ Կենտրոնում, որքանով տեղյակ եմ, մնացել է միայն մեկը՝ Թումանյան 15 հասցեի բակում։
Երկրորդ հազվագյուտ տեսակը գազային դիտահորերն են։ Ծանր հողի պատճառով Երեւանում գազի ցանցերը հիմնականում արտաքին են, ուստի նման դիտահորերը շատ քիչ են։ Հետաքրքիր է, որ Էրեբունիում կարելի է հանդիպել դիտահորերի՝ Բերգամոյից բերված իտալական կափարիչներ, որոնց վրա գրված է «Գազ»։ Ամենայն հավանականությամբ, մասնավոր թաղամասերում գազային ենթակառուցվածքը գետնի տակ տեղափոխելիս ինչ-որ մեկը պատվիրել է հենց այդ կափարիչները։
«Դիտահորի տարիքը կարելի է որոշել ԳՕՍՏ-ով, նախշով եւ նույնիսկ՝ ուղղագրությամբ»
Երեւանում հաճախ կարելի է հանդիպել ГТС («Քաղաքային հեռախոսային ցանց») մակնշմամբ դիտահորեր։ Դրանց տարիքը պարզելն ամենահեշտն է, քանի որ այս դիտահորերն ունեն երեք հիմնական տեսակ։
Եթե «ГТС» գրությունը շրջանաձեւ է, ապա դա «միջին» տարիքի նմուշ է, քանի որ այդ ԳՕՍՏ-ը գործել է 1957-1976 թվականներին։
Եթե գրությունը ուղիղ գծով է, նշանակում է՝ դիտահորը ստեղծվել է 1976թ.-ից հետո, քանի որ ԳՕՍՏ-ը փոխվել է հենց այդ ժամանակ:
Իսկ եթե դիտահորի վրա կա նաեւ Կապի նախարարության տարբերանշանը, նշանակում է՝ այն արտադրվել է մինչեւ 1957 թվականը։
Երբեմն դիտահորի տարիքը կարելի է որոշել նույնիսկ նախշով։ Ահա, օրինակ, «СЗ» մակնշմամբ դիտահոր։ Կարծում եմ՝ դա Սինտուլի գործարանն է, բայց հստակ ասել հնարավոր չէ, քանի որ Խորհրդային Միությունում տասնյակ գործարաններ ունեին նույն հապավումը։
Բայց մեծ ու խորը վանդակավոր նախշը հուշում է, որ սա, հավանաբար, նախապատերազմյան կափարիչ է։ Այդ ժամանակվա տեխնոլոգիաները թույլ չէին տալիս ստանալ ավելի որակյալ վանդակավոր նախշ: Այսպիսի խորը, «վաֆլի» հիշեցնող մակերեսը նախապատերազմյան արտադրության հստակ նշան է։ Պատերազմից հետո վանդակավոր նախշը դարձել է առավել կոկիկ եւ հստակ, քանի որ փոխվել են տեխնոլոգիաները:
Երբեմն դիտահորի կափարիչի տարիքը հնարավոր է պարզել նույնիսկ ժամանակաշրջանին հատուկ ուղղագրությամբ: Ահա, օրինակ, 1950-ականներին Մախաչկալայում արտադրված կափարիչ, որի վրա «Махач-Кала» անվանումը գրված է գծիկով։ 1950-ականներին քաղաքի անվան գրությունը փոխվել է եւ այն սկսել են գրել միասին՝ Մախաչկալա: Հետեւաբար, այս կափարիչը ստեղծվել է 1950-ականներից շուտ:
Նույն կերպ աշխատում են նաեւ հապավումները։ Օրինակ՝ Կապի ժողովրդական կոմիսարիատի դիտահորերի դեպքում։ Եթե հապավումը գրված է կետերով՝ «Н.К.С.», նշանակում է դիտահորի կափարիչն արտադրվել է 1932-1935 թվականներին։ Քանի որ 1935 թվականի բարեփոխումից հետո հապավումներում կետեր այլեւս չէին օգտագործում։
«Հետաքրքիր է հետեւել ժամանակաշրջանների փոփոխությանը»
1930-ականների տեղական արտադրության բազմաթիվ դիտահորեր կարելի է գտնել Երեւանի Մանկական այգում՝ նախկին Կիրովի անվան այգում։ Քանի որ այն բացվել է 1933 թվականին, դրա շատ դիտահորեր արտադրվել են հենց 1930-ականներին՝ «Ерместпром» մեխանիկական գործարանում, որն իր նշանակալի դերն ունի քաղաքի պատմության մեջ։ Նման դիտահորեր կան նաեւ Մաշտոցի պողոտայում։ Ընդհանրապես, 30-ականների շատ կառույցների մերձակայքում գտնվող դիտահորերը ծածկված են կամ «Ерместпом»-ի, կամ МЗВ-ի՝ մեկ այլ երեւանյան մեխանիկական գործարանի կափարիչներով:
МЗВ-ի կափարիչները, սակայն, ունեին խնդիր՝ չուգունի շատ վատ որակի պատճառով: Արդյունքում դրանց վրա եղած գրեթե բոլոր մակնշումները ջնջվել են, եւ ես մեծ դժվարությամբ ամբողջ Երեւանում գտել եմ ընդամենը երկու դիտահոր, որոնց վրա նշումները դեռ հնարավոր է ինչ-որ կերպ կարդալ։
Դիտահորերի կափարիչների միջոցով շատ հետաքրքիր է հետեւել պատմական ժամանակաշրջանների փոփոխությանը: Այսօրվա Երեւանում հաճախ են հանդիպում «ԱրմենՏել» մակնշմամբ դիտահորերի կափարիչներ՝ արտադրված 1995թ.-ից հետո: Բայց կան նաեւ եզակի նմուշներ, որոնք ունեն հետաքրքիր պատմություն։ Երբ քաղաքային հեռախոսային ցանցերն ազգայնացվել են, որոշ հին դիտահորերի վրա պարզապես փոխել են մակնշումը։ Ավելի ճիշտ թողել են ГТС գրությունը, որի կողքին պարզապես ավելացրել են «ԱրմենՏել»-ը։
Իսկ սա վերջին դիտահորն է, որն արտադրվել է Խորհրդային Հայաստանում՝ 1991 թվականին։ Նախշից կարելի է հասկանալ, որ այն պատկանում է ջրային ենթակառուցվածքին։ 1979 թվականից սկսած՝ ԳՕՍՏ-ով կոյուղային եւ ջրային համակարգերի դիտահորերը պետք է ունենային ալիքաձեւ նախշ։ Ալիքները կարող են տարբեր լինել, բայց դրանց առկայությունը ցույց է տալիս, որ ենթակառուցվածքը ջրային է:
Կան նաեւ ժամանակակից հայկական արտադրության դիտահորեր, որոնք ինձ շատ են դուր գալիս: Օրինակ՝ խաղողի պատկերով: Դրանք թվագրելը, սակայն, դժվար է։
«Եզակի դիտահորեր կարելի է հանդիպել ամենատարբեր թաղամասերում»
Բանն այն է, որ շատ հազվագյուտ դիտահորեր կարելի է գտնել բոլորովին պատահական վայրերում։ Օրինակ՝ Շենգավիթում, Նժդեհի հրապարակի մոտ գտնվող կոնստրուկտիվիստական թաղամասերում, պահպանվել են շատ հին ու եզակի նմուշներ։ Իսկ Մալաթիա-Սեբաստիայի ամենաբարձր հատվածում 80-ականներին կառուցվել էր օրինակելի թաղամաս, որի համար դիտահորերի եզակի կափարիչներ էին բերվել Ուզբեկստանից։
Միեւնույն ժամանակ, դիտահորի կափարիչի եզակիությունն ընդհանրապես չի որոշվում դրա գտնվելու թաղամասով։ Բոլորը սիրում են ասել, թե Կոնդը հին է, բայց այնտեղ կոյուղին անցկացվել է (կամ արդիականացվել) միայն 70-ականներին, այնպես որ հին դիտահորեր այնտեղ չկան։
Ընդհանրապես, դիտահորերի կափարիչներ Հայաստանը ներկրում էր ողջ Խորհրդային Միությունից։ Երեւանում բավական շատ են թբիլիսյան արտադրության կափարիչները: Ադրբեջանականներն էլ հաստատ եղել են, բայց կարծում եմ՝ հակամարտության ժամանակ դրանց վրա եղած մակնշումները ջնջել են՝ մարդկանց «աչքը չանհանգստացնելու» համար։ Նույն կերպ Բաքվում հաստատ եղել են երեւանյան արտադրության կափարիչներ։ Այստեղ կարեւոր է հասկանալ մեկ բան․ Երեւանում մետաղամշակման արտադրությունն ավելի զարգացած էր, քան՝ Բաքվում։ Ադրբեջանի տնտեսությունը հիմնականում հենվում էր նավթի արդյունահանման վրա, իսկ Հայաստանում առավել զարգացած էր հենց արտադրությունը: Այդ պատճառով գրեթե վստահ եմ, որ Բաքվում երեւանյան արտադրության դիտահորերի կափարիչներն ավելի շատ էին, քան՝ Երեւանում ադրբեջանականները։
Երբեմն Երեւանում հանդիպում են բոլորովին անսպասելի նմուշներ։ Օրինակ՝ այս եզակի նախապատերազմյան ուկրաինական կափարիչը Բրովարից։ Երեւանում այն միակն է։ 30-ականների համար սա ընդհանրապես անհավանական երեւույթ է, քանի որ կափարիչն ունի փական: Այսօր փականով դիտահորերը սովորական են, բայց որքանով տեղյակ եմ՝ սա Երեւանում եղած 30-ականների միակ դիտահորի կափարիչն է, որն ունի փական:
НКВД գործարանների եւ աշխատանքային գաղութների դիտահորերը
Կարելի է հանդիպել նաեւ ГУШАСДОР գործարանի (Ճանապարհային մայրուղիների գլխավոր վարչության) հետաքրքիր նմուշներ: Այս գործարանը մտնում էր ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (НКВД) կառուցվածքի մեջ եւ ակտիվ օգտագործում էր բանտարկյալների աշխատանքը։ Գործարանը բառացիորեն չեկիստների վերահսկողության տակ էր։ Սա 40-ականների դիտահոր է, եւ քաղաքում նմանները բավական շատ են։
Բացի այդ, շատ աշխատանքային գաղութներին կից գործում էին մետաղաձուլարաններ։ Դրանք առանձնապես բարձր տեխնոլոգիական չէին եւ արտադրում էին պարզ իրեր, օրինակ՝ դիտահորերի կափարիչներ։ Երեւանում հատկապես շատ են Նովոչերկասկի եւ Դնեպրոպետրովսկի գաղութների դիտահորերը։
Հյուսիսային պողոտայի հենց սկզբում, քաղաքի կենտրոնում, մինչ օրս կա Նովոչերկասկի անչափահասների աշխատանքային գաղութի դիտահորը։ Գաղութը փակվել է 1938 թվականին, այսինքն՝ դիտահորը 30-ականների է։
Իսկ սա Դնեպրոպետրովսկի գաղութի դիտահորն է։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ տարօրինակ տեսք ունի։ Ջնջված հատվածում նախկինում գրված էր «ИКТ»՝ «ուղղիչ-աշխատանքային գաղութ»։ Սկզբում այս կափարիչները խորհրդային քաղաքներ էին ուղարկվում հենց այս նշումով: Ստալինի մահից եւ «ձնհալի» սկսվելուց հետո որոշվեց, որ գաղութներում արտադրված դիտահորերի կափարիչները «հարիր չեն» հանրային վայրերի համար եւ գործարաններում արդեն իսկ պատրաստ կափարիչներից սկսեցին ջնջել գաղութներում արտադրված լինելու մասին նշումները:
Խորհրդային դիտահորերի վրա տասնամյակներով պահպանվել էր 19-րդ դարի շվեդական ընկերության տարբերանշանը
Ահա եւս մեկ հետաքրքիր պատմությամբ նմուշ։ Սա НКПТ՝ ԽՍՀՄ Փոստի եւ հեռագրերի ժողովրդական կոմիսարիատի դիտահորն է։ Այն գոյություն է ունեցել 1923-1932 թվականներին, հետեւաբար դիտահորն էլ այդ ժամանակաշրջանի է։
Այստեղ կա շատ հետաքրքիր խորհրդանիշ, որը պատկանել է շվեդական մասնավոր Stockholms Allmänna Telefon AB (SAT) ընկերությանը։ Ամեն ինչ սկսվել է դեռ 19-րդ դարի վերջին, երբ շվեդները Ռուսաստանի հետ պայմանագիր են կնքել հեռախոսային ցանցեր կառուցելու համար։ Հետագայում մասնավոր շվեդական ընկերության կիրառած այդ պատկերը դարձել է Խորհրդային Միության Կապի նախարարության տարբերանշան:
Ամենազարմանալին այն է, որ այդ խորհրդանիշը պահպանվել է մինչեւ 1957 թվականը։ Այսպես վաղուց անհետացած 19-րդ դարի շվեդական մասնավոր ընկերության լոգոն տասնամյակներով եղել է Խորհրդային կապի նախարարության պաշտոնական տարբերանշան։ Սա ապշեցնող է (ժպտում է – հեղ.)
Դիտահոր-հանելուկներ
Երեւանում, հիմնականում 1930-ականներին կառուցված շենքերի մոտ, հանդիպում են հայկական դիտահորեր՝ ենթադրաբար 30-ականների սկզբի, որոնք մակնշված են «ՕԱԱ» տառերով։ Ենթադրում եմ, որ սա կարող է լինել այդ տարիներին Հայաստանում գոյություն ունեցող ինչ-որ ճարտարապետական միություն։ Բայց ինչ է նշանակում այդ կնիքը՝ ինձ համար դեռ հանելուկ է։
Մեկ այլ հանելուկ էլ Պուշկինի փողոցում եւ շրջակայքում հանդիպող «Թ» տառով դիտահորերն են։ Փորձել եմ հասկանալ՝ ինչ է նշանակում այս մակնշումը, բայց առայժմ ոչ մի վարկած չկա։
Երեւանում հանդիպում են նաեւ շրջված դիտահորեր։ Շատ կափարիչներ ժամանակի ընթացքում մաշվում են, եւ երբեմն դրանք շարունակում են օգտագործել՝ պարզապես հակառակ կողմով շրջելով։
«Նոր Նորքում ինձ փորձում էին հանձնել ոստիկանություն»
Աշխատանքի ընթացքում, իհարկե, եղել են նաեւ մարդկանց հետաքրքիր արձագանքներ։ Օրինակ՝ Նոր Նորքում մի անգամ ինձ վրա հարձակվել են եւ փորձել տանել ոստիկանություն՝ մտածելով, թե թմրանյութեր եմ թաքցնում եւ լուսանկարում «զակլադկայի» վայրերը:
Տեղացիները ոլորել էին ձեռքերս եւ ոչ մի կերպ չէին հասկանում՝ ինչու եմ լուսանկարում դիտահորերը: Պարզապես հրաշալի պատմություն է (ծիծաղում է – հեղ.): Բարեբախտաբար, այս մարդկանց մտադրությունները բարի էին: Այստեղ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հունան Ավետիսյան փողոցում գտնվող ավտոսպասարկման կետի աշխատակիցներին, որոնք «փրկել են» ինձ այդ իրավիճակում:
Երեւանի ծայրամասերում նման պատմություններ շատ են եղել, ինձ եւ՛ ստիպում էին այլեւս չլուսանկարել, եւ՛ կարծում էին, թե լրտես եմ։
Պահպանել քաղաքի պատմությունը
Երեւանի պատմության թանգարանին առաջարկել եմ հավաքել դիտահորերի եզակի կափարիչներն ու կազմակերպել փոքրիկ ցուցադրություն: Խոսքը հատկապես եզակի նմուշների մասին է, որոնք պահպանվել են միայն մեկ օրինակով։ Դրանք կարելի է քաղաքապետարանի հետ համաձայնությամբ փոխարինել ժամանակակիցներով եւ տեղափոխել թանգարան:
Բայց սա բարդ հարց է։ Քանի որ, մյուս կողմից, քաղաքային միջավայրի օբյեկտը պետք է մնա իր տեղում եւ շարունակի կատարել գործառույթը։ Կարծում եմ՝ եթե այս կամ այն տեսակի կափարիչները շատ են, դրանք պետք է մնան տեղում, բայց եթե ինչ-որ բան պահպանվել է մեկ օրինակով, ապա կարելի է եւ պետք է այն տեղափոխել թանգարան։
Ինչպես արդեն ասացի մեր զբոսանքի սկզբում՝ քաղաքային միջավայրը նույնքան պատմություն է պահպանում, որքան, օրինակ, տաճարները։ Քանի դեռ այս պատմությունը բավական երիտասարդ է, մենք պետք է կարողանանք «կարդալ» այն եւ պահպանել:
Սա նման է Մարկ Գրիգորյանի «Երեւան․ քաղաքի կենսագրությունը» գրքի մի դրվագի, որում նա պատմում է տեղական НКВД-ի շենքի փոքրիկ պատուհանի մասին, որի միջով ժամանակին տոմսեր էին վաճառում։ Հեղինակը նկատել էր այս պատմությունը, արձանագրել ու պահպանել, իսկ եթե ժամանակին չաներ սա, պատմությունը պարզապես կջնջվեր:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի