Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել «Օրեշնիկ» արտադրող գործարանին

Քաղաքականություն

27.06.2026 | 11:42

Ուկրաինայի ԶՈՒ-ն հունիսի 27-ի գիշերը հարձակվել է Վոլգոգրադի վրա, հայտնել է Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը․ գրում է meduza-ն։

Նրա խոսքով՝ ՌԴ պաշտպանության նախարարության ուժերը հետ են մղել «արագընթաց օդային թիրախների» հարձակումը, սակայն դրա հետևանքով Վոլգոգրադում վնասվել է արդյունաբերական ձեռնարկություններից մեկը։

Վիրավորվել է 10 մարդ, որոնք հոսպիտալացվել են։ Առաջացած հրդեհները մարվել են, իսկ բնակելի շենքերը չեն տուժել։

Telegram-ի Astra ալիքի տեղեկություններով՝ հարձակման թիրախը եղել է «Տիտան-Բարիկադի» ռազմական գործարանը։ Ալիքը նման եզրակացության է եկել՝ վերլուծելով ականատեսների տեսագրությունները, որոնք հրապարակվել էին ուկրաինական մոնիթորինգային ալիքներում։

Ուկրաինական Telegram-ալիքները հայտնել են, որ գործարանը հարձակման է ենթարկվել ուկրաինական «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռներով, և գրանցվել է առնվազն երկու խոցում։

Այս տեղեկությունն անուղղակիորեն հաստատել է «Ֆլամինգո» հրթիռներ արտադրող ուկրաինական Fire Point ընկերության գլխավոր կոնստրուկտոր Դենիս Շտիլերմանը։ Նա X սոցիալական ցանցում գրել է. «Վոլգոգրադը դիմավորում է Ուկրաինայից ֆլամինգոների սեզոնային միգրացիան»։

Նշենք, որ ուսական «Օրեշնիկ»-ը միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է՝ ոչ միջուկային հիպերձայնային սարքավորումներով։ Հարձակման արագությունը՝ 2–3 կմ/վ։ Հարվածի արագությունը՝ 10 մախ ( 2-3 կիլոմետր վայրկյանում ): Թռիչքի հեռահարությունը՝ 5000 կմ։ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը «Օրեշնիկը» նույնականացրել է որպես RS-26 Rubezh IRBM-ի տարբերակ։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Օրեշնիկը» բնութագրել էր որպես Ռուսաստանի նորագույն և առաջադեմ հրթիռային համակարգ՝ պնդելով, որ այն հնարավոր չէ խոցել գործող հակահրթիռային պաշտպանության համակարգերով։ Նա նաև մարտահրավեր էր նետել Արևմուտքին՝ հայտարարելով. «Թող Կիևում կենտրոնացնեն իրենց հակաօդային և հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը, իսկ մենք այնտեղ արձակենք «Օրեշնիկ»։ Կտեսնենք, թե ինչ կլինի»։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a comment