Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին Երեւանում քննարկել են ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը:
Կառավարությունից հայտնել են, որ նրանք, մասնավորապես, անդրադարձել են երկրորդ կամրջի եւ նոր տերմինալի կառուցման, մաքսային ոլորտում համագործակցության զարգացման ու մաքսային ընթացակարգերին վերաբերող հարցերին, կարեւորել են էներգակիրների ոլորտում փոխգործակցության զարգացումը։
«Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների եւ նոր հնարավորությունների շուրջ», – հաղորդում են կառավարությունից:
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդումը եւ վստահություն հայտնել, որ այն կնպաստի ողջ տարածաշրջանում հարաբերությունների եւ համագործակցության հետեւողական զարգացմանը: