Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից. վերջինս դատարանում պարտվել է իր կողմից ներկայացված հայցով։ Քաղաքացիական դատարանի դատավոր Անուշավան Մուշեղյանը վճռել է մերժել Քոչարյանի հայցն ընդդեմ Սիմոնյանի՝ արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող կեղծ տեղեկությունները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու և վիրավորական արտահայտություններով արատավորելու համար ներողություն խնդրել պարտավորեցնելու, ինչպես նաև ոչ նյութական վնասների հատուցման պահանջների վերաբերյալ։
Հիշեցնենք, երկրորդ նախագահի համար հայցի հիմքը էր հանդիսացել ԱԺ նախագահի՝ 2025 թվականի հունիսի 14-ի տելեգրամյան գրառումը: Factor TV-ն ներկայացնում է գրառումն առանց խմբագրման.
«Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքն ունի, փոխել: Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում: Ենթադրում եմ՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է հենց այս տեսանյութում արտահայտած մտքերիցս:
Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է: Դրա հետ համաձա՞յն է։ Արի է, արիիի…»։
Ըստ Քոչարյանի՝ հայցը բավարարելու դեպքում, Սիմոնյանը պետք է իր տելեգրամյան և ֆեյսբուքյան էջերում հերքում տարածեր հետևյալ բովանդակությամբ. «2025 թվականի հունիսի 14-ին իմ կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակվել են կեղծ, ակնհայտ անհիմն, զրպարտչական բնույթի տեղեկություններ։ Ներկայումս ցանկանում եմ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նախկինում հայտնածս տեղեկություններըը իրականության հետ որևէ կապ չունեն և հանդիսացել են իմ ոչ իրավաչափ վարքագծի արդյունք»:
Սիմոնյանը հերքումից բացի նաև ներողություն պետք է խնդրեր՝ որպես ներողության տեքստ գրելով հետևյալը․ «Նախկինում իմ կողմից ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ, որոնցով ես նպատակ եմ ունեցել արատավորելու Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար զղջում եմ և ցանկանում եմ Ռոբերտ Քոչարյանից ներողություն խնդրել»։
Հայցը դատարան էր մուտքագրվել 2025 թվականի հուլիսին։ Պատասխանողը՝ Ալեն Սիմոնյանը, դատարան ներկայացրած իր դիրքորոշման մեջ նշել է, որ «արված արտահայտություններում իսպառ բացակայում է թե՛ վիրավորանքը, և թե՛ զրպարտությունը»։
«Հայցվորն ու պատասխանողը հանդիսանում են քաղաքական գործիչներ, քաղաքական հակառակ կողմերի ներկայացուցիչներ։ Արտահայտություններում չկա փաստացի տվյալ։ Արտահայտությունները հանդիսանում են քաղաքական խոսք, ունեն ավելի բարձր պաշտպանվածության աստիճան։ Պատասխանողը հանդիսանում է ԱԺ պատգամավոր, հետևաբար օգտվում է խոսքի նկատմամբ գործառութային անձեռնմխելիության սահմանադրական իրավունքից»,- նշվում է Սիմոնյանի դիրքորոշման մեջ՝ դատարանին առաջարկելով ամբողջությամբ մերժել հայցադիմումը։
Դատավոր Մուշեղյանը մեկ տարի քննելով հայցադիմումը, այն մերժելու մասին վճիռը կայացրել է օրեր առաջ։
«Դատարանը գտնում է, որ այդ արտահայտություններն ինքնին չեն հաղթահարում վերացական չլինելու արգելքը, քանի որ դրանք (դրանցից և ոչ մեկը) չեն պարունակում փաստարկված տեղեկություններ որևէ կոնկրետ գործողության կամ անգործության վերաբերյալ: Անդրադառնալով նշված հայտարարության՝ փաստացի տվյալ բովանդակելուն, դատարանը գտնում է, որ հայտարարությունը չի բովանդակում փաստացի տվյալներ գործողությունների կատարման վերաբերյալ, չունի բավարար որոշակիություն: Խոսքը պետք է վերաբերի փաստի, որոշակի կոնկրետ տվյալների, որոնք չեն կարող լինել վերացական, ենթադրական, այլ պետք է ունենան կոնկրետ առարկայական դրսևորում։
Նման փաստացի տվյալների բացակայության դեպքում քննության առարկա հոդվածի իմաստով կատարված արտահայտություններում «զրպարտությունը»` որպես այդպիսին, գոյություն չունի։ Սույն դեպքում, դատարանը հաշվի առնելով այն, որ չի հաստատվում պատասխանողի կողմից կատարված արտահայտությունների զրպարտության բնորոշ հատկանիշներից՝ արտահայտության փաստացի տվյալներ հանդիսանալու հանգամանքը, դատարանը զրպարտությանը բնորոշ մյուս հատկանիշների գոյության կամ բացակայության հարցին չի անդրադառնում: Ինչպիսի պայմաններում այդ մասով պահանջը անհիմն է և ենթակա է մերժման»,- արձանագրել է դատավոր Մուշեղյանը։
Ներկայացված հայցում Ռոբերտ Քոչարյանը Սիմոնյանին դրամական պահանջ չէր ներկայացրել, սակայն դատարանը, մերժելով հայցը, հօգուտ Ալեն Սիմոնյանի՝ վճռել է Քոչարյանից բռնագանձել 120 հազար ՀՀ դրամ՝ որպես մատուցված փաստաբանական ծառայությունների համար խելամիտ վարձատրության գումար:
Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը մեկ ամիս ժամկետ ունեն վճիռը Վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոքարկելու համար։
Ռոզա Վարդանյան