Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը

Քաղաքականություն

25.06.2026 | 23:10

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ, այդ թվում՝ վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը։

Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է ՀՀ քաղաքացիների վարելու իրավունքը՝ զրկման ժամկետը լրանալուց հետո 1 տարվա ընթացքում դիմելու դեպքում, մեկ անգամ վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, և սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, իսկ երկրորդ կամ հաջորդ անգամ՝ վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո,

2) փորձաշրջան սահմանվելու դեպքում 13 միավորի փոխարեն հատկացնել 6 միավոր,

3) փորձաշրջանում գտնվող անձի կողմից 6 տուգանային միավորը սպառելու դեպքում նախատեսել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով,

4) վարելու իրավունքից զրկված անձի վարելու իրավունքը զրկման ժամկետի ավարտից հետո առանց որակավորման քննությունների վերականգնելու և փորձաշրջան սահմանելու համար սահմանել պետական տուրք՝ հիսուն հազար դրամի չափով:

Միաժամանակ, սահմանվում է անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ վերականգնումից հաշված 1 տարի ժամկետով փորձաշրջանի պայմաններով։

Հիշեցնենք, որ ՆԳՆ-ն նման նախաձեռնությամբ հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո։ Օրերս տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդները մոտեցել էին Հանրապետության հրապարակում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին և նա լուծում էր առաջարկել։

Leave a comment